31/10/2019 17:39
Պաշտպանության բանակում գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացվել
Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անցկացվում են տարբեր ծավալների ու բնույթի զորավարժություններ, տեղեկացնում են Արցախի ՊԲ լրատվական ծառայությունից։
Տարածաշրջանային առկա ու հավանական զարգացումներն էլ ստիպում են անընդհատ կատարելագործել ձեռքբերումները, նոր մեթոդներ մշակել և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական մարտական գործողություններն առավել արդյունավետորեն վարելու համար:
Այս համատեքստում հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:
Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն՝ ևս մեկ անգամ փաստելով, որ պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:
Նշենք նաև, որ զորավարժությունն անցկացվում էր համաձայն սահմանված նորմացույցերի` ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, իսկ դրանց օբյեկտիվությունն ապահովելու նպատակով գործընթացը վերահսկվում էր ՊԲ համապատասխան բաժինների ու ծառայությունների պատասխանատուների կողմից: