01/11/2019 19:30
Ուզում էի ինձ հնարավորություն տալ՝ կողքից նայելու իմ կյանքին. դա կարելի էր անել միայն Հայաստանից դուրս. Պուլայում կամավոր աշխատած Լուսինե Ոսկանյան
Արտերկրում սովորել կամ կամավոր աշխատել շատերն են երազում: Առաջին հայացքից թվում է` սրանք հրաշալի հնարավորություններ են արտերկրում ապրելու, այլ մշակույթի հետ հաղորդակցվելու և անվճար ճամփորդելու համար: Երբեմն էլ կամավորական աշխատանքն ընկալվում է որպես երկարատև արձակուրդի պես մի բան, որը կարող ես օտար երկրում անցկացնել, մինչդեռ արտերկրում աշխատանքն ու սովորելը մի շարք բարդ կողմեր էլ ունեն:
Aysor.am-ը սկսում է «Երազանքը Հայաստանից դուրս» շարքը, որի շրջանակում կներկայացվեն հայ երիտասարդների պատմություններ, ովքեր մեկնել են արտերկիր կամավորության, կրթության կամ աշխատանքի:
Մեր առաջին զրուցակիցը Լուսինե Ոսկանյանն է, ով ամիսներ առաջ է վերադարձել Խորվաթիայից: Մինչ կամավորական աշխատանքի մեկնելը Լուսինեն 5 տարի աշխատել է որպես լրագրող: Կամավորական աշխատանքի Լուսինեն մեկնել է «Եվրոպայի համերաշխության կոմպուս» ծրագրի շրջանակում, որտեղ նրան հյուրընկալել է 121 կազմակերպություն ներառող «Ռոյս դաշինքը»: Այստեղ Լուսինեն աշխատել է ռադիոյում ու սոցիալական մեդիայում, զբաղվել կազմակերպության առաջխաղացմամբ, երբեմն էլ վարել հաղորդումներ:
Հաջողությունը երբեք ինձ չէր ժպտում. մտածում էի, որ հավերժ դատապարտված եմ Հայաստանում լինելու
Լուսինեն վաղուց էր ուզում մեկնել կամավորության, մինչդեռ երկար ժամանակ փորձերն անպատասխան էին մնում: Ամենաանսպասելի պահին Լուսինեն 5 ամսով կամավորության աշխատանքի հրավեր ստացավ:
«Այնքան վաղուց էի պլանավորում գնալ դուրս հենց կամավորության, ոչ թե սովորելու, որ արդեն դժվար էր հստակ թիվն ասել, բայց մոտ 5-6 տարի մտածել եմ դրա շուրջ, դիմել եմ ծրագրերի, բայց հաջողությունը երբեք ինձ չէր ժպտում: Շատ լավ եմ հիշում այդ զգացողությունը, մտածում էի, որ հավերժ դատապարտված եմ Հայաստանում լինել: Հիշում եմ՝ 2019 թվականի հունվարի 5-ն էր, որոշեցի, որ հաստատ պետք է գնամ: Հունվարի 5-ին դիմեցի, փետրվարի 4-ին հարցազրույցից հետո պատասխանը եկավ, որ ես անցել եմ ու գնում եմ Խորվաթիա»:
Ուզում էի ուրիշ մշակույթներին կպնել մոտիկից ու հասկանալ, թե այս երկրի պատերից դուրս ինչ կա
Կամավորության մեկնելու պատճառները բազմաթիվ էին՝ ավելի անկախ լինել, ընտանիքից որոշ ժամանակ հեռու ապրել, հայկական հասարակությանը բնորոշ որոշ բացասական գծերից դուրս միջավայրում լինել, ուղղակի ճանապարհորդել և այն:
«Հայաստանում այսպիսի մի երևույթ կա՝ չկա ընդմիջման շրջան: Դպրոցից հետո և բուհից առաջ ես միշտ զգում էի այդ պակասը, որովհետև մենք անընդհատ վազքի մեջ ենք՝ դպրոց, համալսարան, աշխատանք… միշտ մտածում ենք կարիերայի մասին ու թվում է՝ ժամանակ չկա կանգնելու, մտածելու քո մասին: Ինքդ քո սեփականությունը չես: Երբեմն մենք ինչ-որ որոշումներ ենք կայացնում, որոնք էդ պահին մեզ ճիշտ են թվում և տրամաբանական, սակայն, եթե դու ավելի ազատ մտածելու հնարավորություն ունենայիր կոմֆորտ զոնայիցդ դուրս գալու, անծանոթ միջավայրում ապրելու, որտեղ չկա հարազատների, ծանոթների ու անծանոթների ճնշումը, դու գուցե ուրիշ որոշում կայացնեիր: Անգամ մասնագիտության ընտրության հարցում չես հասցնում վերլուծել՝ ինչո՞ւ ես ընտրել այդ մասնագիտությունը», - ասում է Լուսինեն:
Զրուցակիցս պատմում է, որ դրսում սովորելու ցանկություն ևս կար, բայց սկզբում մտածում էր արտերկրում լինել որպես հասարակ մարդ՝ առանց նորից համալսարանական պատերի մեջ մտնելու, ունենալ հնարավորություն ուրիշ մշակույթի, աշխարհի հետ ծանոթանալու:
«Ես ուզում էի ինձ տալ հնարավորություն կողքից նայելու ինքս իմ կյանքին, ու դա կարելի էր անել միայն Հայաստանից ու ինձ հարազատ միջավայրից դուրս: Ուզում էի նաև իմանալ՝ ուրիշ երկրներում ինչպես են ապրում, ուրիշ մշակույթներին կպնել մոտիկից ու հասկանալ, թե այս երկրի պատերից դուրս ինչ կա», - ասում է նա:
Այսպես ես ձեռք բերեցի իմ խորվաթական ընտանիքը՝ բաղկացած երկու իտալացուց
Այլ երկրում կամավոր լինելը բազմաթիվ հնարավորություններ է տալիս, մասնավորապես, ճանապարհորդել ու հաղորդակցվել օտար մշակույթի հետ, մինչդեռ դժվարությունները կարող են առաջանալ հենց նախապատրաստական փուլում: Լուսինեի դեպքում դժվարություններ կային ելքի վիզա ստանալու հարցում, քանի որ Խորվաթիայի մոտակա դեսպանատունը Հունաստանում է, Լուսինեն դիմել է փոստով, իսկ պատասխանը ստացել է մոտ մեկ ամիս անց, որի պատճառով շուրջ մեկ ամիս ուշացումով է մեկնել Խորվաթիա:
«Բարդություններ առաջին ամսվա ընթացքում եղան: Ես առաջին անգամ էի դրսում, գուցե հենց այդ պատճառով ինտեգրվելու հետ կապված ինձ թվում էր՝ պրոբլեմներ ունեմ: Անընդհատ մտածում էի, որ մի բան այն չէ: Ցանկություն չկար Հայաստան վերադառնալու, բայց շատ դժվար էր հասարակությանը ինտեգրվել», - պատմում է զրուցակիցս:
Սկզբում Լուսինեն ապրում էր ազգությամբ ռուս կամավորի հետ, ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր այն երկու կամավորների ժամանումը, որոնց հետ Լուսինեն պիտի աշխատեր ծրագրի վրա:
«Ես համարում եմ, որ իմ ծրագիրն իրականում սկսվել է մայիսի 5-ից, ոչ թե՝ ապրիլի 1-ից, երբ մեր խումբը ամբողջացավ: Ժամանեցին մյուս կամավորները, և այսպես ես ձեռք բերեցի իմ խորվաթական ընտանիքը՝ բաղկացած երկու իտալացուց: Դրան հաջորդած երեք ամիսը երևի իմ կյանքի ամենաերջանիկ շրջաններից մեկն էր», - ասում է Լուսինեն:
Կամավորական աշխատանքի բացասական կողմերի մասին զրուցակիցս դժվարանում է խոսել:
Լուսինեն պատմում է, որ խորվաթների մոտ հայերին բնորոշ բնավորության գծեր է հայտնաբերել:
«Խորվաթիան շատ բարդ է իր էությամբ: Խորվաթներն ինչ-որ առումով պատմական գծերով նման են հայերին: Հայերի նման նրանց հատուկ է ազգայնականությունը, ինչ-որ ազգերի իդեալականացման ու ավելի բարձր համարելը: Ես զգում էի, որ իմ շրջապատում խորվաթները շատ յուրահատուկ վերաբերմունք ունեին իտալացիների նկատմամբ: Միշտ ավելի մեծ առավելություններ էին նրանց տալիս ոչ թե օրինական առումով, այլ մարդկային շփման տեսանկյունից: Չափից դուրս տարբերվում էր նրանց վերաբերմունքը, երբ իմանում էին, որ ես հայ եմ, իսկ մյուս երկուսը՝ իտալացի: Իրականում նահանգը, որում ապրում էի՝ Իստրիան, Իտալիայի մշակույթի ազդեցությունն էր կրում», - ասում է Լուսինեն՝ նշելով, որ այս հանգամանքն իրեն երբեք չի խանգարել, պարզապես տհաճ է եղել:
Զրուցակիցս ասում է, որ կամավորական աշխատանքի մեծագույն ձեռբքերումն ընկերությունն էր.
«Ալեսիան և Դեբորան իրարից շատ տարբեր երկու իտալացիներ էին, մեկը հարավից՝ իսկական հարավցի, շատ էմոցիոնալ և կռվարար, միևնույն ժամանակ շատ բարի և բաց, մյուսը՝ հյուսիսից՝ շատ քաղաքակիրթ և զուսպ: Անհամբեր սպասում եմ, թե երբ են այցելելու ինձ Հայաստանում: Խոսք են տվել: Պլանավորում են 2020 թվականի հունիսին գալ Հայաստան», - պատմում է զրուցակիցս՝ անկեղծանալով, որ հարցազրույցի պահին այս մասին խոսելով, առաջին անգամ վերադառնալուց հետո (շուրջ 3 ամիս, հեղ.) հասկացավ, որ կարոտում է Խորվաթիան. «Սկզբում ընկերներիս էի կարոտում, իսկ հիմա կարոտում եմ քաղաքը, ծովը…»:
Հայաստան վերադառնալուց հետո Լուսինեն պատմում է, որ դժվարություններ կային նորից հասարակությանը վերաինտեգրվելու և նոր աշխատանք գտնելու հարցում:
Եթե հայ երիտասարդին տային այն հնարավորությունները, որոնք տալիս էին Խորվաթիայի բնակչին, մենք ուղղակի երջանիկ ու մինչև կյանքի վերջ գոհ կլինեինք
Այնտեղ ապրելը հնարավորութություն է տվել մի շարք զուգահեռներ անցկացնել Հայաստանի հետ:
«Հնարավորություն եմ ունեցել մի քանի ամիս ապրել մի քաղաքում, որտեղ եվրոպացիները երազում են գոնե մեկ շաբաթով լինել: Պուլան յուրահատուկ քաղաք է: Ծովն անմոռանալի է, ջրի մաքրությունը, քաղաքի էկոլոգիական վիճակը ուղղակի ֆանտաստիկ են: Հիշում եմ այդ ժամանակ էր, երբ գնում էի ծովափ ու կարդում էի, որ այստեղ Սևանա լիճն է մամռակալել, մտածում էի, որ նման բան երբեք Խորվաթիայի լողափերին չի կարող լինել, այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այնտեղ լինում ամռանը»:
Պուլան զրուցակցիս գրավել է նաև աննկարագրելի բնությամբ ու ճարտարապետությամբ: Վերջինս հատկապես տպավորել է իր բազմազանությամբ:
«Երբ ասում են «3000 տարեկան Երևան», ու ոչ մի պատմական շրջանից չես կարող ներկայացնել, այսպես ասած, ապացույց, գնում ես փոքրիկ քաղաք, որն այդքան էլ հայտնի չէ իր հնամյա պատմությամբ ու, չլինելով մասնագետ, կարողանում ես երեք պատմական շերտ քո համար տեսնել՝ հռոմեական շրջանը՝ ամֆիթատրոնով, հին քաղաքի գլխավոր դարպասով, հռոմեական տաճարով, հետո տեսնում ես Ավստրո-Հունգարական հետքը: Կային շենքեր՝ կառուցված Հարավսլավիայի օրոք: Դրան զուգահեռ կային նաև ժամանակակից շենքեր: Այստեղ պատմությունը կտրտված չէ»:
Պատմական գծերով Պուլան Հայաստանին նման է, մինչդեռ ինչպես Լուսինեն է պատմում, խորվաթները կարողացել են մի կողմ թողնել անցյալն ու ներկայով ապրել, ինչը, ցավոք, մեզ մոտ դեռ չի հաջողվում.
«Պուլան եղել է սոցիալիստական ճամբարի կազմում, բայց, ինչպես իրենք են սիրում ասել՝ «ոչ սովետական միության կազմում», հետո 90-ականներին եղել է անկախության պատերազմ, բայց այդ ամենը նրանք թողել են անցյալում: Մենք դեռ շարունակում ենք ապրել այն պատերազմում, որը եղել է 90-ականներին: Հասկանում եմ, որ աշխարհաքաղաքական իմաստով այս պատմությունները համեմատելու չեն, բայց տեսնում ես ուրիշների հնարավորությունները, որոնք նույն անցյալն են ունեցել ու կարողացել են առաջ շարժվել, իսկ մենք այս հնարավորությունները չունենք, դա շատ է ցավեցնում:
Խորվաթիայում երիտասարդները բողոքում էին, որ հնարավորությունները քիչ են, չգիտեն՝ որտեղ իրենց իրացնեն, այն դեպքում, երբ իրենք ազատ կարող են գնալ այլ երկրներ: Oրինակ, ես շատ երաժիշտների հետ եմ շփվել, նրանք կարող էին ազատ գնալ Ավստրիայում, Սլովենիայում, Սերբիայում հյուրախաղեր ունենալ, այն դեպքում, երբ Սերբիայի հետ հարաբերությունները վատն են:
Ցավոտ զգացողություններ էի ունենում, որովհետև մտածում էի, որ եթե հայ երիտասարդին տային այն հնարավորությունները, որոնք տալիս էին Խորվաթիայի բնակչին, մենք ուղղակի երջանիկ ու մինչև կյանքի վերջ գոհ կլինեինք»:
Ծրագիրս ավելի շուտ ավարտեցի, քան նախատեսված էր
Զգացողությունը, որ այնտեղ էլ երբեք չեմ լինելու, այն ունիկալ երեք ամիսը այլևս երբեք չի կրկնվելու, այս պահին արդեն տխրեցնում է:
Ծրագիրս ավելի շուտ ավարտեցի, քան նախատեսված էր՝ ընկերուհուս հարսանիքն էր, մի ամիս շուտ վերադարձա: Ափսոսանք չունեմ, որովհետև Դեբորան և Ալեսիան էլ էին շուտ գնալու: Ինձ համար այդ ճանապարհորդությունը ընկերների ձեռքբերումն էր ու առանց իրենց իմաստ չուներ շարունակելը: Իհարկե, մեկ ամիս ավելի կարող էի մնալ կուրորտային ամենահայտնի քաղաքում, բայց ինչ-որ շատ կարևոր բան պակաս կլիներ:
Մյուս կողմից ես չեմ էլ հասկանում իմաստը այնտեղ ավելի երկար մնալու, որովհետև այստեղ ծրագրեր կան, և չափից դուրս մեծ ընդմիջումն էլ օգտակար չէր լինի:
Հայաստան վերադառնալուց հետո դրամատիկ փոփոխություններ իմ կյանքում տեղի չունեցան: Հավանաբար հենց այս դադարի շնորհիվ ես սկսեցի ավելի շատ սիրել իմ մասնագիտությունը և ավելի պատասխանատվությամբ եմ մոտենում: Հիմա ավելի շատ են սպասումները ինքս ինձնից որպես լրագրող, իսկ դրա համար մեծ աշխատանք կա դեռ անելու:
Երկար ժամանակով երկրից բացակայելու նպատակ ապագայում չունեմ: Կենտրոնացած եմ աշխատանքի վրա:
Եթե ուզում եք ինքներդ Ձեզ ճանաչել, անպայման ճանապարհորդեք
Ցանկացած ճանապարհորդություն հանդիպում է ինքդ քեզ հետ: Եթե ուզում եք ինքներդ Ձեզ ճանաչել, անպայման ճանապարհորդեք, իսկ կամավորական ծրագրով մեկնելը լավագույն տարբերականն է, որովհետև այն հնարավորություն է տալիս հանդիպել մարդկանց, որոնք նման չեն Ձեզ կամ առնվազն այն մարդկանց, ում հետ Դուք սովոր եք շփվել: