01/11/2019 17:46
ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է աջակցել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին. դեսպան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը դեսպանին հայտնել է Հայաստանի և նաև Հայաստանի Ազգային ժողովի ամուր հանձնառությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ Հայաստանում իրականացվող զանազան ծրագրերին և ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է այն ուղղություններն ու ծրագրերը, որոնք Հայաստանը մտադիր է իրականացնել:
Անդրեա Վիկտորինը նշել է, որ շատ ուրախ է տեսնել այն առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է աջակցել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ Ազգային ժողովի համագործակցության արդեն իսկ գործող և մի շարք հնարավոր նոր ծրագրեր:
Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում: