01/11/2019 11:32
Հայաստանի և Կամերունի ԱԳ նախարարները նախանշել են երկկողմ համագործակցության շրջանակները
Հոկտեմբերի 31-ին Մոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կամերունի Արտաքին գործերի նախարար Լեժյոն Մբելա Մբելայի հետ, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել՝ համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման և հայ-կամերունական հարաբերություններում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացումը։
Հայաստանի և Կամերունի ԱԳ նախարարները նախանշել են երկկողմ համագործակցության ուղիների ընդլայնման շրջանակները։ Որպես խոստումնալից ուղղություններ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, խելացի զարգացման, նորարարության և առևտրատնտեսական ոլորտները։ Նախարար Մնացականյանն իր կամերունցի գործընկերոջը ներկայացրել է նշյալ ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը կամերունյան կողմի հետ նախաձեռնելու ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:
Հայաստանի և Կամերունի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում հաստատված համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ։
Այս համատեքստում գործընկերներն առանձնահատուկ անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ որպես ֆրանկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման և հանրության առջև ծառացած խնդիրների հասցեագրման կարևորագույն հարթակի։
Նախարարները քննարկում են ծավալել Ֆրանկոֆոնիայի նախարարական 36-րդ համաժողովի արդյունքների, Հայաստանի նախագահության առաջնահերթությունների և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքների շուրջ: