04/11/2019 13:37
Արցախի տնտեսության զարգացման լոկոմոտիվը պետք է լինի գյուղատնտեսությունը. Արայիկ Հարությունյան
10 տարի շարունակ անընդմեջ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու պայմաններում կարողանալու ենք 2030 թվականին երկրում ունենալ տնտեսական զարգացման այնպիսի մակարդակ, որ հնարավոր կլինի լուծել երկրի հիմնական սոցիալական խնդիրները, Հայաստանի պետական տնտեսակագիտական համալսարանում այսօր հրավիրված «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսության ընթացքում հայտարարեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Եթե նախկինում Արցախում տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը եղել է էներգիտական, արդյունաբերությունը և ծառայություններ, ապա առաջիկայում զարգացման հիմնական լոկոմոտիվը լինելու է գյուղատնտեսությունը: Ունենք հարյուր հազար հեկտար չմշակվող հող, որն անհրաժեշտ է մշակել և դարձնել գյուղատնտեսական նշանակության, պտղի արտադրությունը պետք է զարգացնել, 20 հազար տոննայից այն պետք է հասցնել 200 հազար տոննայի», - ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ նռան պահանջարկը մեծանում է, իսկ աշխարհագրորեն ամեն տեղ չէ, որ հնարավոր է նուռ աճեցնել, հետևաբար այս ճյուղը մեծ զարգացում և հաջողություն կարող է ունենալ:
Բացի պտղաբուծությունից, Ա. Հարությունյանի խոսքով`գյուղատնտեսությունում զարգացման հաջորդ ուղղությունը պետք է լինի ոչխարաբուծությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ 2021 թվականին կանխատեսում է 10 տոկոսից ավելի տնտեսական աճ, բայց այստեղ, նրա խոսքով, պետք է լինել համարձակ:
«Հայաստանում ևս տնտեսության զարգացման լոկոմոտիվը համարում եմ գյուղատնտեսությունը», - ասաց Հարությունյանը: