04/11/2019 17:09
Վարչապետը, Արցախը, իրականությունն ու դավադիր շահարկումները. բա ո՞ւր մնաց Ալիևն այս շղթայում. Նաիրա Կարապետյան
Վարչապետի պարզաբանող եթերն էլ ավելի խորացրեց կասկածներն ու մտահոգություններն առ այն, որ #երկիր-Հայկական Ժամանակ իրականությունը, ցավոք, առաջին հերթին վնասում է Արցախյան հիմնախնդրի խաղաղ և հայանպաստ լուծմանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
«Ի հեճուկս շատ ցցուն վտանգների՝ արտաքին իրական թշնամու կողմից, վարչապետը կես ժամից ավել ժամանակ ծախսեց՝ պոպուլիզմի վատագույն ժանրի ներքո, հրամցնելու, թե Արցախյան հիմնահարցում կա դինամիկա։
Ցավում եմ, որ թիվ մեկ պաշտոնյան չի հետևել կամ նրան չեն զեկուցել հարևան պետության կոնկրետ դիրքորոշում և կոնկրետ լուծման տարբերակ բարձրաձայնող ղեկավարի՝ Ալիևի հայտարարությունների բովանդակությունը։
Ցավում եմ, որ նա այդպես էլ չտեսավ այդքան քննարկված՝ ԱԳ նախարարի հարցազրույցի բացահայտ ուղղվածությունը լրագրողի կողմից և չընկալեց այդ ամենի քողարկված սիգնալները, որոնք լրջանալու ուղենիշ
պիտի լինեին։
Ցավում եմ, որ նա չի հրաժարվում իր ուտոպիստական թեզից՝ թե «լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար» այնգամ այն դեպքում, երբ Ալիևը հայտարարում է, որ հարցի լուժումն ընդունելի է միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ցավում եմ, որ գեներալ Հայրապետովի ներկայությունն է մատուցվում իբրև զսպող հանգամանք դավաճանության չգնալու համար։ Հիմա Հայրապետովն այլևս պաշտանանկ է, և՞...
Ցավում եմ, որ որևէ միջամտություն չգործելով, երբ Արցախի նախագահին անվանում են մարզպետ կամ երբ սպառնում են «քարով գլուխը ցխել», հայտարարվում է, որ Արցախի հետ հարաբերությունները լավ են։
Ցավում եմ, երբ բանակցությունների սեղան Արցախի վերադարձը առաջնահերթություն հռչակած և դրանից հետո Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» բացականչած անձը հիմա էլ հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի մոտեցումները լուծման հարցում նույնական են։ Բնական է, չէ՞, որ այս արտահայտությունից հետո միջազգային հանրության համար էլ ավելի է անհասկանալի լինելու Արցախի վերադարձը բանակցությունների սեղան։
Ցավում եմ, որ որևէ բառ չի ասվում Արցախի վերաբերյալ այս իշխանությունների ռազմավարություն մասին։
Ցավում եմ, որ տևական ժամանակ է, ինչ միջազգային հարթակներում չի հնչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
Ցավում եմ, որ արդեն ԱԳ նախարարն է ակնարկում, որ հարցի լուծման մեջ հայկական կողմի վրա կա որոշակի ճնշում։
Ցավում եմ, որ վարչապետը շարունակում է Արցախյան հարցում ինչ-որ վտանգներ փնտրել միայն ներսում և չտեսնել բացահայտ վտանգը դրսում։
Եվ, իհարկե, ցավում եմ, որ վարչապետն այս ամենը համարում է «դրական դինամիկա»», - գրել է Նաիրա Կարապետյանը։