06/11/2019 11:19
Առողջապահության ոլորտում բռնապետություն է հաստատվում. Գևորգ Գրիգորյան
Առողջապահության ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ և բացթողումներ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։
«Առողջապահության նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է, բայց փաստացի փորձում է վերահսկել լրատվական դաշտին տրվող ամբողջ ինֆորմացիոն հոսքը։ Սա ողջունելի չէ, ճիշտ չէ։ Դրա վառ օրինակը համացանցում հայտնված ձայնագրությունն է, որտեղ քաղաքապետարանի աշխատակիցն ասում է՝ այո՛, բժիշկները մեր ենթակայության տակ են, ուրեմն պետք է մեր կարծիքը, տեսակետը ասեն։ Սա բռնապետության հաստատում է առողջապահության ոլորտում։ Ժողովրդավարություն գաղափարն այսօր չի գործում», - ասաց բանախոսը։
Գևորգ Գրիգորյանը շեշտեց՝ երկրի առաջին դեմքը պետք է ականջալուր լինի համակարգային խնդիրներին, իսկ եթե ակնաջալուր է, սակայն չի արձագանքում, լավ չէ։
Բանախոսը միաժամանակ ընդգծեց, որ առողջապահության համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնք ԶԼՄ-ներում այդպես էլ չեն լուսաբանվում, բազմաթիվ են։ Դրանք, Գրիգորյանի խոսքով, հիմնականում ծագում են բժշկական կենտրոնների և զանազան պետական ծրագրերի ֆինանասավորման արդյունքում։