06/11/2019 11:28
ՔՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է, պահանջը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը մասնակցած ավագանու անդամի հրաժարականը
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց՝ պահանջելով դադարեցնել «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցի լիազորությունները:
Հիշեցնենք՝ Հասմիկ Խաչունցը մասնակցել էր նոյեմբերի երկուսին Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ կազմակերպված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որը որոշ քաղաքացիներ որակում են որպես սատանիստական ներկայացում:
«Հասմիկ Խաչունցը այլասերում է ներմուծում ավագանու ինստիտուտ: Մենք չենք ուզում ավագանու անդամ ունենալ մի անձի, որը կարող է օրը ցերեկով գլխապտույտ ցնորքների մեջ ընկնել, վայրահաչել կամ կլանչել: Մենք մերժում ենք Երևանի ավագանու այլասերումը», - հայտարարեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Նա կոչ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աչալուրջ լինել, որպեսզի ավագանու անդամը հրաժարական ներկայացնի՝ պնդելով, որ Փաշինյանն առաջինը պետք է մերժի այլասերվածության դրսևորումները ավագանիում:
«Խաչունցի՝ օր առաջ հրաժարականը կնշանակի, որ պարոն Նիկոլ Փաշինյանը գտնվում է հավասարակշիռ վիճակում և տարբերում է թացը չորից, այլասերումը հենց առաջինը պիտի մերժի մեր հանրապետության թիվ մեկ հանդիսացող պաշտոնատար անձը: Այսօր էլ գրավոր դիմելու ենք ձեզ, որպեսզի տիկին Խաչունցին հնարավորինս շուտ հեռացնեք», - դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց Աղեկյանը:
Հիշեցնենք, որ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ժամանակ, քաշքշուկ էր տեղի ունեցել, որի ընթացքում Նարեկ Սարգսյանը փորձել է «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ նշելով, որ նրանք սատանիստներ են:
«ՀուԶԱՆՔ ու Զանգ» նախագծին բյուջեից 2,7 միլիոն դրամ է հատկացվել: