07/11/2019 17:06
Վազգեն Մանուկյան. Ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակումին
Վերջերս Հանրային խորհրդի վրա մեծ հարձակումներ են սկսել, ՀԽ-ում հրավիրված նիստի ընթացքում հայտարարեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Սլաքներից առաջինն ուղղված է անձամբ իմ դեմ։ Երկրորդը՝ հարց է բարձրացվում, իսկ ընդհանրապես Հայաստանին Հանրային խորհուրդ պե՞տք է, թե՞ ոչ։ Երրորդ հարցը, որ բարձրացվում է, այն է, թե Հանրային խորհուրդն արդյունավե՞տ է աշխատում, թե՞ ոչ։ Չորրորդ հարցը, որ բարձրացնում են խորհրդի շատ անդամներ` արդյոք ՀԽ բոլոր անդամների նկատմամբ էթիկայի պահպանում պետք է լինի, թե ոչ», - ներկայացրեց Վազգեն Մանուկյանը։
Նա ասաց, թե կողմ չէ հեղափոխություններին, բայց նաև նշեց, թե ստեղծվել էր նոր իրավիճակ, որը հույս էր տալիս, թե պետությունն ինչ-որ ճանապարհով պետք է գնա։
«Նոր փուլ էր սկսում պետության մեջ։ Ինչ-որ տեղից սկսած ես հիասթափվեցի, երբ տեսա, որ այն, ինչ արվում է, մեզ չի տանելու այդ ուղղությամբ։ Ինձ համար ընդունելի չէր քննարկումները վեթինգի մասին, անցումային արդարադատություն, մարտի 1-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները։ Հուլիս ամսին անհանգստացած որոշեցի Նիկոլ Փաշինյանին հանդիպել և իմ կասկածներն ու խորհուրդներն իրեն հայտնել», - ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա ասաց, որ հուլիսին երկու անգամ զանգահարել է Փաշինյանին, նա հետ չի զանգել իրեն։
«Դա աննախադեպ էր, որովհետև այդպիսի բան մինչ այդ ոչ իր հետ էր եղել, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Հասկացա, որ այդ մարդը չի ուզում խոսել», - ասաց Վ. Մանուկյանը։
Հանրային խորհրդի նախագահի խոսքով՝ վախի մթնոլորտ կա քաղաքացիների մոտ, քանի որ պարզ չի, թե ում մոտ կարող են մտնել, ում կարող են ձերբակալել։
«Ես ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակումին։ Եվ այս վտանգը բոլորի շեմին է կանգնում։ Կարծում եմ, որ հասարակությունը պետք է դիմադրի և բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար», - նշեց Վ. Մանուկյանը։