07/11/2019 12:23
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները նրան 20 րոպե ժամանակ տվեցին. Տեսանյութ
Կառավարության շենքի առջև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդներին քիչ առաջ միացան նաև ԵՊՀ հայ բանասիրության, պատմության, աստվածաբանության և ռոմանագերմանական ֆակուլտետների մի շարք ուսանողներ։
Ինչպես հայտարարեց ԵՊՀ ուսանողների ներկայացուցիչ Գևորգ Գյուլումյանը, ԵՊՀ-ն կիսում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի՝ ՀՅԴ-ի պահանջի գաղափարը։
«Լեզուն ու մշակույթը, Արայի՛կ Հարությունյան, Ձեր տանից չեք բերել։ Նա, ով կպայքարի այդ արժեքների դեմ, կարժանանան անփառունակ վախճանի», - ասաց նա։
Դաշնականցական երիտասարդներից մեկն էլ հայտարարեց, որ հեռանալու համար ԿԳՄՍ գործող նախարարին տալիս են 20 րոպե ժամանակ։
«Նա պետք է լքի կառավարության դահլիճը և այլևս չվերադառնա։ Հուսանք՝ իշխող թիմն ու նա կգտնեն խոհեմություն, այլապես կգնանք շատ կտրուկ գործողությունների», - հայտարարեց նա։