07/11/2019 12:13
Եթե որևէ մեկին թվում է, որ մեզ պիտի վախեցնեն, սխալվում են. իրենք հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցք. Նիկոլ Փաշինյան
Մենք շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հանրությանը՝ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, մեծ հաշվշով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, որովհետև կրթությունն է, որ մարդուն աշխատանքի շուկայում, ինչես ընդունված է ասել, տալիս է մրցունակություն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրել՝ դիպլոմը դեռևս կրթություն չէ:
«Այս հարցի լուծումն է, որ պետք է լինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործունեության առաջանահերթությունը», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր, մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու:
«Մենք պետք է մեր քաղաքացուն պատրաստենք, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակը աշխատանքն է, ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա», - ասաց Նիկոլ Փաշւինյանը:
Նա նշեց՝ բոլոր նրանք, ովքեր բարեկեցություն են վաստակել հանցավոր ճանապարհով, պետք է չկարողանան նման գործունեությամբ զբաղվել:
«Հայաստանում սակավամտության պայքար է տեղի ունենում՝ մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ: Եթե որևէ մեկին թվում է, որ մեզ դրանով պիտի վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև իրենք հանրության կողմից մերժված են ու մղված ենք լուսանցք ու այնտեղից դուրս չեն գալու երբեք», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, թե պատկերացումը շարունակում է մնալ այն, որ պետք է լինեն ինչ-որ մարդիկ իշխանությանը կցված, որ անցնեն ու փողեր բաժանեն, բրինձ ու ձեթ բաժանեն:
«Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը բարելավելու համար, այլ՝ աղքատության մեջ պահելու համար, որ հաջորդ ընտրություններում այդ նույն մարդկանց ձեթով ու բրնձով տանեն ընտրատեղամաս ու քվեարկել տան, էս պատմությունն ավարտված է Հայաստանում», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե «բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն պետք է չստանան:
«Կեղծ նպաստառուներով փողեր հանելու ու յուրացնելու պրակտիկան ամենակոշտ ու չոր հակազդեցության է արժանանալու», - ասաց վարչապետը: