07/11/2019 12:28
Թող բոլորը հիշեն՝ ոչ մի բան չի մոռացվում. ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի. Նիկոլ Փաշինյան
Տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են, կառավարաության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ վայ, էս մեր աշխատատեղը կրճատում եք , էս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, դա չի լսվելու, որովհետև նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ո՞նց եղավ, որ մի տարվա մեջ կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ կարելի է խնայել:
«Բա ո՞ւր են եղել նախկին տարիներին այդ 3-4 միլիարդները, որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել», - ասաց նա:
Վարչապետը նշեց՝ թող բոլորը հիշեն՝ ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվել:
«Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ էդ պատասխանատվությունը կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական, բայց պատասխանատվությունն անխուսափելի է», - ասաց Նիկոլ Փաշինյանն ավելացնելով, որ կարճ հաղորդագրություն է հղել՝ «դուխով շարունակեք»:
«Ասում եմ՝ դուխով շարունակեք», - նշեց նա: