07/11/2019 11:47
Մեկ ամիս ուշացումով ՀՀ հասած ավտոմեքենաները կարող են օգտվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը գործող մաքսազերծման պայմաններից
ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից, թե մաքսազերծման ի՞նչ ընթացակարգերի տակ են ընկնելու այն քաղաքացիները, ովքեր տրանսպորտային միջոցներ են պատվիրել, բայց մինչև հունվարի 1-ը դրանք չեն հասցնի մաքազերծել:
Մասնավորապես Թունյանը հետաքրքրվեց՝ արդյոք նրանց վրա կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը, որի համաձայն՝ ԱԱՀ-ից կազատվեն միայն մինչև չորս տարի թողարկում ունեցող ավտոմեքնաները:
«Վերջնաժամկետի հետ կապված շատ մեր քաղաքացիներ մտահագություն են հայտնում, որ եթե արդեն մեքենաները պատվիրել են ու դրանք ճանապարհին ուշանում են, հնարավոր է հունվարի 1-ից ուշ հասնեն, ապա ի՞նչ է լինելու այդ մեքենաների ճակատագիրը: Տարբեր տեղեկություններ շրջանառվեցին, թե հնարավո՞ր է ռեժիմ, որ իրենք մեկ ամսվա ընթացքում հունվարի 1-ից հետո հնարավորություն ունենան մաքսազերծել», - հետաքրքրվեց Թունյանը:
Փոխնախարարն էլ ասաց, որ այս դեպքում մի փոքր այլ ընթացակարգ կգործի և ժամկետի երկարացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պիտի արտացոլվեն մաքսային հայտարարագրում, որոնք մի քիչ տարողունակ են ու լրացման ընթացակարգ են ենթադրում:
«ԵԱՏՄ միասնական իրավակագարավորումների ուսումնասիրությամբ հանգում ենք նրան, որ ֆիզիկական անձը, որն իրավունք ունի ներկայացնել ուղևորային մաքսային հայտարարագիր, կարող է հրաժարվել այդ իրավունքից և բիզնես սուբյեկտների համար նախատեսված ամբողջական մաքսային հայտարարագիր ներկայացնի, տվյալ դեպքում՝ տրանսպորատային միջոցների հայտարարգիր:
Այս պարագայում, եթե ապրանքը, տվյալ դեպքում՝ տրանսպորտայիւն միջոցը, սահմանը հատում է վերը նշված ժամկետում, հնարավորություն ունի մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տրանսպորտային միջոցների հայտարարագիրը և օգտվել մինչև հունվարի 1-ը եղած կարգավորումներից: Հետևաբար՝ մենք կունենանք մեկ ամիս լրացուցիչ ժամանակ՝ մինչև հունվար ամսվա վերջը, մինչև 2020 հունվարի 1-ը գործող կարգավորումներով մաքսազերծման գործընթացը կազմակերպելու համար», - ասաց Պողոսյանը: