
08/11/2019 17:33
Եթե նախարարն այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի իր բառերի համար. Տարոն Տոնոյան
Կրթության, գիտության և մշակույթի բնագավառում վարվող քաղաքականությունը չափազանց անհանգստացնող է։ Անհանգստացնում է այն ընդգծված վերաբերմունքը, որը հանրությանը տանում է ապազգայնացման, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանն՝ ավելացնելով, որ սա, ըստ իրենց, ծրագրված է, ինչի արդյունքը պետք է լինի ապազգային ՀՀ քաղաքացի ձևավորելը.
«Մենք այս ամենը դիտարկում ենք ազգային անվտանգության տեսանկյունից։ Սա արժեհամակարգ թելադրելու մտածված քաղաքականություն է, որն այսօր վարվում է ԿԳՄՍ նախարարի և կառավարության կողմից։ Ինչ վերաբերում է մեր երիտասարդներին անդաստիարակ անվանող նախարարին, ապա պետք է ասեմ, որ Դաշնակցությունը, որպես ընտանիք, մեզ դաստիարակել է սիրել մերձավորին և հայրենիքը։
Սա է մեր դաստիարակությունը։ Այսօր նստացույց անող երիտասարդներն Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում, ոչ թե խրամատներ են փորել։ Մեզ համար անդաստիարակ են այն մարդիկ, ովքեր դատարաններ են շրջափակում, վրան խփում Մայր Աթոռի վեհարանում», - ասաց դաշնակցական գործիչը։
Տոնոյանը նշեց՝ եթե նախարարն այդքան դաստիարակված է, թող ներողություն խնդրի Ղարաբաղյան պատերազմում ընկած քաջերի հայրերից և մայրերից, որոնք այսօր դաշնակցականներ են։