10/11/2019 12:52
Արայիկ Հարությունյանը վերընտրվեց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնում
Արցախի ապագան անհնար է պատկերացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից դուրս, Շուշիում մեկնարկած «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը:
«Արցախը նախանձախնդիր է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում: Մենք չէինք կարող չհարգել ՀՀ քաղաքացու կամքով տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, թե ձեռնարկել են բոլոր քայլերը, որպեսզի կանխեն հեղափոխության հետևանքով տնտեսական հնարավոր խնդիրների առաջացումը Արցախում:
Արայիկ Հարությունյանն ասաց, թե կուսակցության անդամների թիվը ավելացել է 1500-ով:
«Իհարկե, հաճախ խոսակցություններ են հնչում, թե ինչ-որ մեթոդներով են ավելացվել անդամների թիվը, սակայն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ 1500 հոգուն: Ընտրությունները ցույց են տալու անդամների ակտիվությունը», - նշեց նա։
Համագումարին կուսակցությունը նախագահի թեկնածու առաջադրեց ու ընտրեց Արայիկ Հարությունյանին:
Կուսակցության համագումարի օրակարգում է նաև Արցախի Հանրապետությունում 2020 թվականին կայանալիք նախագահի թեկնածուի առաջադրման հարցը: