10/11/2019 15:13
Եթե Արցախի ինքնորոշման հարցը կասկածի տակ է դրվում, ապա բանակցելու ոչինչ չունենք. Արայիկ Հարությունյան
ԼՂ կարգավորման վերաբերյալ քննարկվող փաստաթուղթը և Մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի չէին, դրա մասին բարձրաձայնել էինք, Շուշիում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Հարցին, եթե Արցախի հարցում այսօր Արայիկ Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ դիրքորոշումից չի տարբերվում, արդյոք նախկին իշխանությունից տարբվերում էր, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները միանշանակ ընդունել էին Մադրիդյան սկզբունքները, որովհետև վերջնականապես հանրության հետ երկխոսություն չի եղել, բայց դա քննարվկել է և ես ասել եմ, որ դա քննարկելու փաստաթուղթ չէ մեզ համար ու բարձրաձայնել ենք՝ անիմաստ քննարկում եք, չի լինելու դա»:
Հարությունյանի խոսքով՝ եթե նախկին իշխանությունները Մադրիդյան սկզբունքները իրենց համար հիմք են ընդունել, ապա այն իրենց համար քննարկելու բավարար հիմք չէ:
«Այս փուլում Հայաստանի իշխանությունները շարունակում են հանդիպումները Մինսկի խմբի և հակառակորդի հետ, ոչ մի բանակցություն չկա: Եթե լինի առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի բանակցել, ինձ թվում է՝ առաջին փուլում բանակցությունը վարելու են Հայաստանի իշխանությունները, հետո անպայման միանալու է Արցախը», - ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ առանց Արցախի բանակցություններ չեն կարող տեղի ունենալ:
«Մեզ համար նախապայման է Արցախի ինքնորոշման իրավունքը: Եթե դա չի քննարկվում, կամ կասկածի տակ է դրվում, ապա բանակցելու ոչինչ չունենք», - նշեց նա։
Ինչ վերաբերվում է հնարավոր փոխզիջումներին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Չկա նման բան: Երբ Ադրբեջանն արդեն ճանաչի մեր ինքնորոշման իրավունքը, կնստենք բանակցելու, տեսնենք, ինչ կա զիջելու կամ չզիջելու: Այսօր չկա տրամաբանություն որևէ բան հայտարարելու: Իհարկե ոչ մի սանտիմետրով մենք պատրաստ չենք տալու, սակայն ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո, պատրաստ ենք հանուն երկարատև խաղաղության, կայունության՝ բանակցել», - ասաց նա: