10/11/2019 14:36
Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի քայլերը կասկածի տակ դնողները՝ դավադիր ուժեր են. Արայիկ Հարությունյան
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դետալների, բանակի մարտունակության աստիճանի բարձրացման, սպառազինության և այլ հարցեր:
«Սակայն փակգծեր բացել չեմ կարող, դրանք հանրայնացնելու իրավունք չունեմ: Մենք գոհ ենք հանդիպման արդյունքներից: Շատ նորություններ ենք ունեցել բանակցային գործընթացից, բայց ամենաշատը մեզ մտահոգողը բանակն է», - Շուշիում այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարից հետոո լրագրողների հետո զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Հարցին, թե որոնք են այն դավադիր ուժերը, որոնց մասին կուսակցության համագումարում հայտարարեց Արայիկ Հարությունյանը, վերջինս պատասխանեց.
«Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարևորը ոչ միայն մոտեցումներն են, այլ քայլերն են, որոնք այսօր կատարվում են: Ցանկացած իշխանություն՝ ձևավորված Արցախում և Հայաստանում, պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Եթե այդտեղ չկա տարաձայնություն, մնացածը գործնական բնույթ է կրում: Ինչ վերաբերում է դավադիր ուժերին, ապա այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են»:
«Այլակարծության հետ դա կապված չէ։ Իրենք ապակողմնորոշում են հանրությանը: Հայտարարում են, որ վարչապետը կամ իշխանությունները ծախում են, հանձնում են: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կարող են ասել, թե մենք կողմնակից ենք այս սկզբունքին, այս քաղաքական կուրսին, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որը չի կարելի, կարելի է անվանել դավադրույթուն, իսկ այլակարծությունը ողջունելի է»: