11/11/2019 12:15
Այցին ընդառաջ Սերգեյ Լավրովի հարցազրույցը մեսիջ էր՝ հայաստանյան իշխանություններին. Փորձագետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցը հետաքրքիր մեսիջներ էր պարունակում, ընդ որում՝ հստակ շեշտադրմամբ դեպի հայաստանյան իշխանություններ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:
«Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Լավրովի այցի օրակարգը բավական հագեցած է՝ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կարվի երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններին: Անշուշտ, օրակարգում է նաև արցախյան հիմնահարցը, - նշեց փորձագետը՝ հավելելով, որ այս առումով հատուկ ուշադրության է արժանի «Մեդիամաքս»-ին տած հարցազրույցի՝ Արցախին առնչվող հատվածը:
Փորձագետի կարծիքով՝ մտահոգիչ են հատկապես Արցախի վերջնական կարգավիճակին վերաբերող ձևակերպումները:
«Լավրովը կարգավիճակի վերջնական հստակեցումը տեսնում է բանակցությունների արդյունքում՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Սա նոր մոտեցում չէ, և փորձագիտական շրջանակներին առավել հայտնի է «Լավրովի պլան» եզրույթի ներքո: Անշուշտ, սա այդ «պլանի» միայն մի հատվածն է՝ առնչվող վերջնական կարգավիճակին», - նշեց Մխիթարյանը:
Վերջինիս կարծիքով՝ այն, որ Լավրովը Երևանյան այցի շրջանակներում նպատակ ունի նորից առաջ քաշել արցախյան խնդրի կարգավորման ռուսական պլանը, միանգամայն բացատրում է այն «սիրո խոստովանությունը», որ հայասանյան իշխանություններին իր վերջին հարցազրույցում արեց ռուս դիվանագետը:
«Անցնող մեկուկես տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները մեկ անգամ չէ, որ դրսևորել են իրենց: Բավական երկար կարող ենք խոսել դրանց մասին: Հիշենք միայն, որ այս ժամանակահատվածում գրեթե չենք ունեցել բարձր մակարդակով երկկողմ հանդիպում, որ որևէ դրվագով չարտացոլի այդ խնդիրները: Սերգեյ Լավրովի վերջին հարցազրույցը այս ամենի ֆոնին և՛ անբնական էր, և՛ մտահոգիչ: Այն, առավել քան երբեք, հիմք է տալիս ենթադրելու, որ նման դրական վերաբերմունքի դիմաց ռուսական կողմը ինչ-ինչ ակնկալիքներ ունի Հայաստանի հեղափոխական իշխանություններից», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ ակնհայտ է՝ հարցազրույցը հետաքրքիր մեսիջներ էր պարունակում, ընդ որում՝ հստակ շեշտադրմամբ դեպի հայաստանյան իշխանություններ: