11/11/2019 14:50
ՀՀԿ-ական երիտասարդները դատարկ ճամպրուկ փոխանցեցին «Զոհրաբ Գնացականյանին»
«Հանրապետական» կուսակցության երիտասարդներն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց նախ հանդես եկան հայտարարությամբ, ապա դատարկ ճամպրուկ հանձնեցին ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին։
«Հաշվետու եղեք հասարակությանը, թե որ փուլում է գտնվում Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ձեր վարչապետի խոստման իրականացումը և երբ է այն իրականացվելու։ Տեղեկացրեք՝ Մինսկի ո՞ր համանախագահն է համաձայնել «արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար» բանաձևին։ Պատասխան տվեք հայ ժողովրդին, թե ինչու է իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից անհետացել Արցախի հիմնախնդրի համար կարևորագույն ազգերի ինքնորոշման իրավունքը։ Եվ վերջապես բացատրեք, թե ինչպես տեղի ունեցավ, որ բանակցային գործընթացից դուրս եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Պատկերավոր ասած, պարո՛ն նախարար, Դուք ձախողակ եք», - հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։
Նա ասաց, դե դատարկ ճամպրուկ հանձնելով ուզում են ցույց տալ, թե այս կառավարությունը այն կառավարությունն է, որին ճամպրուկներ են բերում, և դրանք դատարկ են, ինչպես իրենց խոստումները։
«Դատարկ են, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը։ Ճամպրուկներից մեկը սիրով կթողնենք Զոհրաբ Մնացականյանին, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրաբ Մնացականյանը դառնա Գնացականյան», - հայտարարեց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ օրերս 168.am-ը հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզաբանում պահանջելով Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի «HardTalk» հաղորդման ընթացքում արած հայտարարության մասին, թե «հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում»: Կայքը խնդրել է պատասխանել հարցին՝ ովքե՞ր էին բերում այդ ճամպրուկները, ի՞նչ էր այդ ճամպրուկների մեջ, ո՞ւմ էին բերում այդ ճամպրուկները, և ինչպիսի՞ նյութերի հիման վրա է ՀՀ Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում նման հայտարարություն արել: Հարցումը ստանալուց շուրջ 15 օր անց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է. «Մնացականյանը նկարագրել է համակարգային կոռուպցիայի դեմ ՀՀ կառավորության պայքարը՝ օգտագործելով պատկերավոր բնորոշում»։