11/11/2019 19:25
Կարելի է ասել, որ երեխայի կյանքը փրկված է. Արա Բաբլոյանը՝ ՄԻԱՎ-ով վարակված երեխայի մասին (Տեսանյութ)
«Արաբկիր» ԲԿ-ն անում է անհրաժեշտ ամեն ինչ ՄԻԱՎ-ով վարակված երեխայի կյանքը փրկելու համար, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց «Արաբկիր» ԲԿ կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը:
«Երեխայի մոտ ունենք քաշի ավելացում, նա արդեն սնվելու ձգտում ունի, կարողանում է նստել: Կան դրական արդյունքներ, լյարդի ցուցանիշները գրեթե նորմայի մոտ են, արյան և դիմադրողականության ցուցանիշները բավականին բարելավվել են: Կարելի է ասել՝ երեխայի կյանքը փրկված է: Այսօր այդ առումով մտավախություն չունենք»։
Բաբլոյանը նշեց՝ երեխան ընդունվել է «Արաբկիր» ԲԿ օգոստոսի 20-ին, բայց մինչ այդ՝ ամիսներ շարունակ, եղել է հիվանդ:
«Մինչև օգոստոսի 20-ն, արդեն մայիսին 10 ու կես կգ ունեցող երեխան կորցրել է 3 կգ, արդեն քայլել կարողացող երեխան սկսել է չքայլել, չնստել, չուտել, այսինքն՝ բավականին ծանր վիճակում տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ», - ասաց Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով՝ մինչև իրենց մոտ տեղափոխվելը, երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում հետազոտվել է: Առաջին հերթին երեխայի մոտ ստուգվել է Մարդու իմունային անբավարարության վիրուսը՝ ՄԻԱՎ-ը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերության կողմից երաշխավորվող 4-րդ սերնդի արագ թեստերով, և վիրուսը հայտնաբերել չի հաջողվել։
«Արաբկիր» ԲԿ-ում, Բաբլոյանի խոսքով, ստուգվել է ՄԻԱՎ վարակն ավելի զգայուն՝ 4-րդ սերնդի իմունոֆերմենտային կոչվող թեստով, որով էլ հաջողվել է հայտնաբերել վիրուսը։
Ճշտող հարցին՝ այսինքն երեխան «Արաբկիր» բժշկական կենտրոնո՞ւմ չի վարակվել՝ Բաբլոյանն ասաց, որ այդ հարցը պարզելը թողնում է այս պահին դրանով զբաղվող իրավապահ մարմիններին և Առողջապահության նախարարության փորձագետներին:
«Հասկանալի է դառնում, որ մենք ունենք դեպք, որով ոչ թե «Արաբկիրում» է վարակվել, այլ ի սկզբանե ունենք խնդիր ունեցող երեխա, բայց նորից ասում եմ՝ մենք այս հարցի պատասխանը թողնում ենք մասնագետներին և շարունակում ենք մեր գործը», - ասաց Բաբլոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: