11/11/2019 19:46
Լյարդի փոխպատվաստման ենթարկված երեխան պատրաստ է դուրսգրման. Արա Բաբլոյան (Տեսանյութ)
Լյարդի փոխպատվաստման ենթարկված տասը տարեկան երեխայի վիճակը լավ է.
«Մենք ուրախ ենք ասել, որ երեխան պատրաստ է տուն գնալուն, պարզապես նրան պահում ենք այստեղ, որովհետև հեռու է ապրում և դեռ պետք է որոշ ժամանակ հետո ստանա մի քանի պատվաստումներ, որպեսզի կանխարգելենք տարբեր հիվանդություններով հիվանդանալու վտանգը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանը:
Վերջինս նշեց՝ լավ է նաև երեխայի համար դոնոր դարձած հոր վիճակը:
Ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այսուհետ ՀՀ-ում նման փոխպատվաստումները հասանելի կլինին՝ Բաբլոյանը դրական պատասխան տվեց:
Խոսելով փոխպատվաստման արժեքի մասին՝ ԲԿ տնօրենն ասաց.
«Դրա գինը շատ բարձր է, բայց այս ծնողները չեն վճարել ոչինչ: Առաջին վիրահատությունն ամբողջությամբ «Արաբկիր» ԲԿ միջոցներով ենք իրականացրել: Փնտրում ենք հովանավորներ, որոնք կօգնեն մեզ», - ասաց Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել է Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումն անչափահաս պացիենտին (10 տարեկան 8 ամսական)։ Երեխան տառապում էր լյարդի բնածին ֆիբրոզով, որն առանց փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Դոնոր է դարձել երեխայի հայրը՝ նրան տալով իր լյարդի մի մասը։
Մանրամասները՝ տեսանյութում: