11/11/2019 10:37
Դասի չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Արայիկ Հարությունյանը չի հավաքել իրերը և հեռացել. բողոքի ակցիայի մասնակից (Տեսանյութ)
Մի խումբ ուսանողներ այսօր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի դիմաց շարունակում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։
Երիտասարդներն ակցիան իրականացնում են «Արայի՛կ, հեռացիր», «Ուսանողնե՛ր, միացեք» կարգախոսներով։
«Մենք դեմ ենք այն արժեքներին, որ փորձում են հրամցնել մեզ։ Համասեռամոլների մասին ֆիլմ նկարելը մեր արժեքներին դեմ է։ Մեր ԿԳՄՍ-ն պետք է ոչ թե նման ֆիլմեր նկարահանելով զբաղվի, այլ՝ ազգապահպան գործունեությամբ։ Արայիկ Հարությունյանը, բացի լկտի և լպիրշ բառապաշարից, այլ բանով աչքի չի ընկել։ Նա իր պատվից վեր է համարում ընդունել և լսել ուսանողներին, մենք էլ մերժում ենք նման նախարարին», - ասաց ուսանողներից մեկը։
Նրանք միաժամանակ հավելեցին, որ որքան էլ բուհերի ղեկավարությունները վախեցնում են բացակայությունների պատճառով հնարավոր հեռացումներով, իրենք դասի չեն ներկայանալու այնքան ժամանակ, քանի դեռ Արայիկ Հարությունյանը չի հավաքել իրերը և չի հեռացել։
Նշենք, որ ուսանողներն այս պահին քայլերթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարության շենք։