11/11/2019 11:10
Արայիկ Հարությունյանը պետք է զբաղվի ոչ թե ինչ-որ մշակույթ ներմուծելով, այլ՝ հայ մշակույթն արտահանելով. ուսանող (Տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր գործողություններով ցանկանում է սպանել մեր եկեղեցու պատմությունը, մեր ազգային ինքնությունն ու պատմությունը, նման համոզմունք հայտնեց նախարարի հրաժարականը պահանջող, քայլերթով ԿԳՄՍ նախարարության շենք շարժվող ուսանողներից մեկը։
«Մենք քրիստոնյա ենք, սատանականությունը մեր մեջ չի եղել և չի կարող լինել, ուստի Արայիկ Հարությունյանին կոչ ենք անում պատվով հեռանալ։ Մենք, որպես հարկատու, որպես ՀՀ քաղաքացի, չենք ուզում, որ մեր միջոցները ծախսվեն ինչ-որ համասեռամալի մասին ֆիլմ նկարելու համար։ Արայիկ Հարությունյանը պետք է զբաղվի ոչ թե ինչ-որ մշակույթ ներմուծելով, այլ՝ հայ մշակույթն արտահանելով։ Նա սա չի հասկանում։ Նա իր անկարողությունը փորձում է բարդել անցյալի սխալների վրա», - ասաց ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ քայլերթով բուհ առ բուհ անցնող ուսանողները կոչ են անում իրենց ընկերներին միանալ բողոքի գործողությանը։ Նրանք հորդորում են չվախենալ բացակայությունների պատճառով համալսարաններից հեռացվելու սպառնալիքներից։
«Կոչ ենք անում դասախոսներին և ուսանողներին չկաշկանդվել սևերի և սպիտակների բաժանումներից», - հայտարարեցին ուսանողները։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք և Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ։ Ուսանողների շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել նաև սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար 20 մլն դրամ դրամաշնորհի տրամադրումը, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։