12/11/2019 16:39
«Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» պարտադիր առարկաների ցանկից հանելը ճիշտ չէ. սա մեծ հարված է ազգային արժեքային համակարգին. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համոզմամբ՝ «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու» առարկաները պարտադիր առարկաների ցանկից հանելը ճիշտ չէ։
«Սա առաջին հերթին ազգային արժեքային համակարգին մեծ հարված է։ Եթե ուզում ենք ազգային կրթություն տալ մեր ուսանողությանը, խիստ անհրաժեշտ են այդ առարկաները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդիկ Մինասյանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարության ներկայացրած օրինագծին, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Պատմաբանի խոսքով՝ ուզում են հարցն այլ հարթություն տեղափոխել՝ բուհերի ինքնավարության վրա։
«Խնդիրը պարզ է, որ ցանկացած բուհի, այդ թվում՝ նաև տեխնիկական բուհերի ռեկտորները և բնագիտական առարկաների ղեկավարների չեն ուզենա իրենց մասնագիտական առարկաների հաշվին այլ գիտական առարկաներ մտցվի և դասավանդվի։ Դա ընդհանուր օրինաչափություն է և մարդկանց էլ մեղադրելու չի։ Ուստի ամենակարևոր խնդիրը ես համարում եմ մեր արժեքային համակարգի, ազգային անվտանգության շահերից ելնելով չմոռանալ, որ այդ առարկաների պարտադիր շարքը պետք է պահել», - ասաց Էդիկ Մինասյանը։
Նա նշեց՝ նորմալ է, որ ուսանողներն այդ հարցին ցասումով են մոտենում և պահանջում են չընդունել օրինագիծը։
Ինչ վերաբերում է բովանդակային խնդիրներին, Մինասյանն ասաց, թե օրինագիծը մշակողները մոռանում են, որ բուհերում հայոց պատմության հարցեր և խոսքի մշակույթ են դասավանդում, որոնք իրենց բնույթով և առարկայական տարբերությամբ միանգամայն նոր սկզբունքների վրա կառուցված առարկաներ են։
«Մոռանում են, որ տարիքային զարգացման որոշակի փուլ կա, որ երիտասարդի մոտ աշխարհայացք է ձևավորվում, և հայրենիքի նկատմամբ սիրո արտահայտությունից բացի, ընդհանուր համակարգն է ձևավորվում հենց ուսանողական տարիներին։ Իսկ այդ առարկաների դասավանդումը խիստ անհրաժեշտ է հենց այդ ժամանակ հիմնախնդիրներն իմանալու, առաջիկա մարտահրավերների վերաբերյալ կանխատեսումներ անելու, ընդհանուր տրամաբանական եզրակացություններ իրականացնելու համար։ Համոզված եմ, որ այս ուսանողությունն այսօր վճռական է տրամադրված այդ խնդիրներում և, բնական է, որ դասախոսներն էլ այդ խնդիրներում իրենց կողքին են լինելու», - ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։