12/11/2019 22:00
Հնարավոր չէ կռահել՝ էլ ինչ ֆանտաստիկ իրավական մեկնաբանություններ կամ բեսպրեդել կարող է լինել. Արսեն Բաբայան
Իմ նկատմամբ տեսակցությունների արգելանքը հանվեց միայն այն ժամանակ, երբ լրագրողները ՀՔԾ պետին հարցրեցին, թե ինչո՞ւ է այն դրվել, անչափահաս երեխաներն ի՞նչ կապ ունեն, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն, ով այսօր կալանքից ազատ է արձակվել:
«Հենց այդ օրը կամ հաջորդ օր ես ստացա համապատասխան որոշում, որ տեսակցությունների արգելանքը հանվում է », - ասաց նա:
Արսեն Բաբայանը նշեց, որ հանվել էր միայն տեսակցությունների արգելանքը, իսկ հեռախոսային զանգերի արգելանքը մինչև վերջ մնացել է:
«Ակնհայտ էր, որ փոքր երեխաներին քրեակատարողական հիմնարկում տեսակցելը դժվար թե լինի ցանկալի, այս դեպքում հեռախոսային զանգն ավելի կարևոր կլիներ, կխոսեի, օրինակ՝ դստերս հետ, կասեի, որ Արցախից նվերներով կվերադառնամ գործուղումից», - ասաց Ա. Բաբայանը:
Նա նշեց՝ դատարան ներկայացված ապացույցներում իր դեմ որևէ բան չի եղել:
«Կար միայն կխոչընդոտի, կփախնի, մինչդեռ, դատարանը պարտավոր էր ներկայացնել գոնե մեկ հիմնավոր տեղեկություն, փաստ, որը տալիս էր հիմնավոր կասկած այն մասին, որ անձը կփախնի կամ կխոչընդոտի», - ասաց նա:
Բաբայանը նշեց՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործն աբսուրդային բաներ ունի:
«Ես ասում էի, որ իրավական բեսպրեդել տեղի կունենա, ինչը եղավ իմ նկատմամբ, ու ցանկացածի նկատմամբ էլ կարող է տեղի ունենալ», - ավելացրեց Բաբայանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն ընդգծեց՝ եթե չլիներ Վենետիկի հանձնաժողովի քննադատությունը, եթե չլիներ հանրային լայն քննադատությունը, գուցե, այսօր, փոխված չլիներ իր խափանման միջոցը:
Արսեն Բաբայանն նշեց՝ քաղաքական իշխող ուժից ունի պահանջ, որպեսզի բոլորի նկատմամբ ապահովվեն իրավական, օրինական ընթացակարգեր:
«Իսկ ընդդիմադիրներն իրեցն գործողություններն արեցին այնքան, ինչքան համարեցին ճիշտ ու դրա համար շնորհակալ եմ», - ասաց Բաբայանը:
Նա ընդգծեց՝ առանձնահատուկ շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ով անձամբ է եկել իրեն տեսակցելու, ով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ վերանայելու իր խափանման միջոցի հարցը:
Հարցին՝ ինչպե՞ս կընթանա քրեական գործն ու դատավարությունն ի՞նչ ընթացք կստանա, Արսեն Բաբայանը պատասխանեց, որ այս քրեական գործն ընդհանրապես չպետք է գոյություն ունենար:
«Բայց, քանի որ գոյություն ունի, ես էլ 22 օր ապօրինի ազատությունից զրկված եմ եղել, հետևաբար, հնարավոր չէ կռահել, թե էլ ինչ ֆանտաստիկ իրավական մեկնաբանություններ կամ բեսպրեդել կարող է տեղի ունենալ», - ասաց Ա. Բաբայանը: