12/11/2019 16:26
Եղել է քննարկում, միանձնյա չեմ կայացրել որոշումս. Սիսակ Գաբրիելյան
Արսեն Բաբայանին ճանաչում եմ դեռևս լրագրողական տարիներից, ճանաչում եմ նրա տեսակը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն` անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման համար իր կողմից ներկայացված երաշխավորությանը:
«Սա նաև մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է, որ կալանքը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառվի բացառիկ դեպքերում», - ասաց նա և նշեց, որ երեկ է ներկայացել Դատախազություն, վճարել համապատասխան գումարը՝ կես միլիոն դրամ:
Գարիելյանն ավելացրեց, որ մինչև որոշում կայացնելը քննարկումներ է ունեցել, այդ թվում՝ իրավաբանների հետ:
«Եղել է քննարկում, միանձնյա չեմ կայացրել որոշումս, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ, և իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ այս միջնորդության հետ, որևէ խնդիր չկա», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ ԱԺ պատգամավորների հետ է քննարկել, իսկ կառավարության անդամների հետ քննարկում այս հարցով չի ունեցել:
Պատգամավորն ընդգծեց, որ իր համար ամենակարևորը այն է, որ գործի քննությունը օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ ընթանա:
«Ես այս հարցն Արսեն Բաբայանի հետ չեմ քննարկել, այսօր առավոտյան եմ փաստաբանին տեղեկացրել, որ ստորագրել եմ համապատասխան փաստաթղթերը: Այդ վստահությունը գալիս է մարդուն ճանաչելուց», - նկատեց պատգամավորը:
Հարցին՝ Արսեն Բաբայանին ճանաչելով՝ վերջինս կարո՞ղ էր այդ փաստաթղթերը կեղծելու քայլին գնալ, պատգամավորը պատասխանեց.
«Այդ հարցին չեմ պատասխանի, թող իրավապահ մարմինները տան այդ հարցի պատասխանը»։
Ամեն դեպքում, Սիսակ Գաբրիելյանն ավելացրեց, որ Արսեն Բաբայանին քաղբանտարկյալ չի համարում: