12/11/2019 13:37
Մեր նախաձեռնության նպատակն է հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց թվաքանակն ընդլայնել. Թանդիլյան
ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որով ընդլայնվում է հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը:
Ինչպես խորհրդարանում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, այսօրվա կարգավորումներով՝ պաշտոնատար անձանց թիվը, որոնք ներկայացնում են հայտարարագիր, սահմանափակված է համայնքի բնակչության թվով։
«Այն համայնքապետերը, որոնք համայնքների բնակչության թիվը չի գերազանցում 15 հազարը, հայտարարագիր չեն ներկայացնում: Այս նախաձեռնությունը նպատակ ունի հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց թվաքանակն ընդլայնել՝ ներառելով նաև բոլոր նրանց, որոնք հանդիսանում են համայնքապետեր 15 հազար և ավելի ցածր բնակչություն ունեցող համայնքների համար», - ասաց պատգամավորը։