12/11/2019 18:44
Ես ձեզ կտամ մարդու իրավունքների դասեր, որի կարիքը, կարծում եմ, դուք ունեք. Մարիա Կարապետյանը՝ Գևորգ Պետրոսյանին
«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանն ԱԺ հայտարարությունների ժամն օգտագործեց ԲՀԿ-ական գործընկերներին մարդու իրավունքների վերաբերյալ դասեր տալու համար:
«Նորմալ կլիներ, որ Դուք ասում եք «ութանասուն», այլ ոչ թե «ութսուն», եթե այդ ամենի հետ միաժամանակ մեզ հայոց լեզվի դասեր չտայիք: Առաջարկում եմ հայոց լեզվի դասերը համապատասխանաբար քննարկել ձեր խմբակցության նիստի ժամանակ, այլ ոչ թե ԱԺ ողջ կազմի ներկայությամբ: Քանի որ դուք որոշել եք հայոց լեզվի դասեր տալ, որի կարիքը մենք չունենք, ես ձեզ կտամ մարդու իրավունքների դասեր, որի կարիքը, կարծում եմ, դուք ունեք», - ասաց Մարիա Կարապետյանն՝ անդրադառնալով ԲՀԿ պատգաավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին, որ պատգամավորները հայոց լեզվի թեստ հանձնեն:
Այս հայտարարությունը զայրացրեց Նաիրա Զոհրաբյանին: Նա պնդեց, որ Կարապետյանը կոնկրետ օրինակով խոսի:
«Հիմա կոնկրետ մարդու եմ դասեր տալիս՝ Գևորգ Պետրոսյանին: Կարծում եմ՝ նա հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց: Նա դեռ ամռանը սպառնացել է, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դեմքը, բայց առայժմ պատռվում են նրա ձայնալարերը, հույս ունեմ, որ ձերը նորմալ են », - ասաց Կարապետյանը:
Պատգամավորը կոչ արեց ԲՀԿ-ին փակել «թեժ աշնան կեղծ օրակարգը»՝ փոխարենը բացելով «ցուրտ ձմռան իրական օրակարգը»: