12/11/2019 11:38
Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք. Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին
Եթե նույնասեռականները և սեռափոխվածները ցանկանան երեխա որդեգրել, ի՞նչը պետք է ստուգենք։ Եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, թե նույնասեռական չէ, էլի մի բան կարելի է ստուգել, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ կեսկատակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Կատակը մի կողմ՝ արժեքները պետք է պահենք։ Մենք նահապետական ժողովուրդ ենք, ավանդապաշտ ազգ ենք։ Մենք ասում ենք՝ նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանենք։ Դա ազգային անվտանգության նկատառում ունի։ Ի՞նչ է նշանակում՝ երկու համասեռամոլ երեխա որդեգրեն։ Այդ երեխան ինչպե՞ս է մեծանալու, ինչքանո՞վ է ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին։ Եկեք պաշտպանենք մեր ազգային ավանդույթները։ Ով դեմ է քվեարկելու, կցանկանա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսներ», - հարց ուղղեց պատգամավորը։
Պատգամավորի հարցադրումը հարուցեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բուռն վրդովմունքը։
«Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում։ Դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում... Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք», - ասաց նա՝ քարտուղարությանը խնդրելով իրեն ներկայացնել պատգամավորին ձայնից զրկելու դրույթը։
Նշենք, որ Գևորգ Պետրոսյանի՝ «Ընտանեկան օրենսդրության մասին» նախագծում փոփոխություն կատարելու առաջարկը մերժվեց և օրակարգ չընդգրկվեց ՝ 35 կողմ, 70 դեմ ձայների հարաբերակցությամբ: