12/11/2019 12:54
Հանքերի բաժնետոմսերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի, խնամու, քեռու անուններով. օրենքն անիմաստ է. պատգամավոր
Հանքերի որևէ սեփականատեր գրանցված չէ, բոլոր բաժնետոմսերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի տղայի, խնամու, քեռու անուններով։ Հանքերի իրական տերերի բացահայտման նախագիծը ոչինչ չի տալու, այն աչք կապելու նախագիծ է, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Օրենքն անիմաստ է, բովանդակությունը չի արտահայտում նպատակը։ Օրինակ, որևէ մեկին բացահայտեցին, որն իրականում շարքային աշխատող է և տասնյակ միլիոնավոր դոլարներ չէր կարող ունենալ։ Ի՞նչ պետք է հետևի դրան. օրենքում ոչինչ ասված չէ։ Ընդերքի մասին օրենքը պետք է լինի համապարփակ, ոչ թե ձևի համար 2-3 բաժնետիրոջ անուն հնչեցնի», - ասաց պատգամավորը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերթին նկատեց՝ հեռու է այն մտքից, որ այս օրենքով բոլոր խնդիրները լուծվելու են, սակայն սա ոլորտում քայլ առաջ է։
Նա միաժամանակ ոլորտի պատասխանատուներին հորդորեց հայտնել Հայաստանի ընդերքի այն մետաղները, որոնք մոտ ապագայում այլևս համաշխարհային պահանջարկ չեն ունենալու։