12/11/2019 19:59
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մանդատ չունի՝ որոշելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակը. փորձագետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մանդատ չունի՝ որոշելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Արցախի վերջնական կարգավիճակը որոշողն Արցախի ժողովուրդը պետք է լինի, Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այսօր Փարիզում իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի ճանաչված մաս չէ, քանի որ կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը և նրանք մանդատ ունեն որոշելու Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:
«Վարչապետի հայտարարությունը շփոթմունք է ստեղծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կարգավորման ոչ մի տարրը որոշելու կամ լուծելու մանդատ չունեն, նրանք ընդամենը բանակցությունների միջնորդներ են: Վերջնական կարգավիճակի հարցը լուծելու եղանակը պետք է համաձայնեցնեն կողմերը՝ բանակցությունների միջոցով: Այս պահին մասնակիորեն հանրայնացված վերջին փաթեթը՝ «մադրիդյան սկզբունքները» առաջարկում են այն լուծել պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով»,- նշել է նա:
Փորձագետը հավելել է, որ 1995թ.-ի մարտի 23-ին հաստատված «ԵԱՀԿ հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության Խորհրդաժողովի (Մինսկի Խորհրդաժողով) համանախագահների մանդատով ամրագրվում է, որ համանախագահները համատեղ ջանքեր կգործադրեն` ամրապնդելու հրադադարը, հակամարտության կողմերի հետ բանակցությունների ընդհանուր հիմք կզարգացնեն, կվարեն զինված հակամարտության դադարեցմանն ուղղված քաղաքական համաձայնության կնքման համար հակամարտության կողմերի միջև բանակցությունները, կխթանեն հակամարտության կողմերի միջև անմիջական հաղորդակցության հաստատմանը, կշարունակեն աշխատել հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և այլն: Կարապետյանն ընդգծել է, որ սա բացառապես կազմակերպչական գործառույթներ են: «Առավելագույնը, որ կարող են անել համանախագահները՝ կարգավորման փաթեթներ առաջարկելն է, որոնց համաձայնել կամ չհամաձայնելը բացառապես հակամարտության կողմերի որոշումն է»,- ասել է նա:
«Այս մանդատի ներքո ընթացող բանակցությունները հիմնվում են Հելսինկյան երեք սկզբունքների վրա՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման: Այսինքն, ցանկացած լուծում պետք է հիմքում ունենա այս սկզբունքները: Սա է այսօր բանակցությունների տրամաբանությունն ու միջնորդների գործունեության հիմքը»,- նշել է Կարապետյանը: