13/11/2019 12:41
ԵՊՀ դասախոսները համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ հայտարարեցին (Տեսանյութ)
Մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ուսանողական շարժմանը։ Երկու ֆակուլտետի դասախոսները պաշտպանում են այդ դասադուլը, որի նպատակը բուհական կրթության մասին օրենքի նախագծում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթը պահպանելն է, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց քիչ առաջ հայտարարեց ուսանողական շարժմանը ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։
Նա ուսանողներին առաջարկեց վերադառնալ լսարան և վերսկսել դասերը։
«Ակնկալում ենք, որ նախարարությունը կամ լիազորված մարմինն առաջիկայում կկազմակերպի քննարկում, որին կմասնակցեն շահագրգիռ և իրավասու բոլոր կողմերը։ Ակնկալում ենք, որ այդ քննարկմանն անպայման մասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը», - ասաց նա։
Դասախոսն ասաց, թե ենթադրում է, որ այդ քննարկման արդյունքում կհանգեն եզրակացության, որտեղ իրենց առաջ քաշած հարցերը լուծում կստանան, և կլինի նաև դասերի վերսկսում։
Համալսարանի դասախոս Նարինե Դիլբարյանն էլ ընթերցեց հայտարարության տեքստը, որ պատրաստել է ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը։
«Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ, որպես միաբանության քայլ», - հայտարարեց Նարինե Դիլբարյանը։