13/11/2019 11:28
Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել և դուք դեմ եք քվեարկելու, ձեր որոշումն ա. Աննա Կարապետյանը՝ ԼՀԿ գործընկերներին (Տեսանյութ)
Խորհրդարանն այսօր մերժեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի ներկայացրած «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ՝ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:
ԼՀԿ խմբակցության անունից վարման կարգով ելույթով հանդես եկավ Տարոն Սիմոնյանն՝ ասելով, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ իրենց առաջարկը՝ քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ևս ընդգրկել անվտանգության խորհրդի նիստին, մերժվել է:
Ի պատասխան նախագծի հեղինակ Աննա Կարապետյանն ասաց, որ երեկ արդեն հանգամանալից բացատրել է, թե ինչու Սահմանադրությունից ելնելով, չեն կարող ընդունել առաջարկները:
«Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել և դուք դեմ եք քվեարկելու, ձեր որոշումն ա, շնորհակալություն», - ասաց Կարապետյանը:
Պատգամավորի այս դիտարկումը զայրացրեց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, վերջինս՝ կոչ արեց հարգել իրենց քվեարկությունն՝ անկախ նրանից, թե դա դուրեկան է, թե ոչ:
«Հարգելի գործընկերներ, կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում, ի՞նչ է նշանակում հասկանալի է եղել, հասկանալի չի եղել», - ասաց Գորգիսյանը:
Նախագիծը դրվեց քվերակության և չընդունվեց կողմ 66, դեմ 14 և ձեռնպահ 20 ձայնով: Նշենք, որ սա սահմանադրական օրենք էր և դրանում լրացումներ ու փոփոխություններ անելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդը:
ԼՀԿ-ն դեմ քվեարկեց, իսկ ԲՀԿ-ն՝ ձեռնպահ: