13/11/2019 11:39
Դասախոսները երբեք էլ ուսանողներից անջատ չեն եղել, ուսանողների պայքարն արդար է. ԵՊՀ դասախոս (Տեսանյութ)
Մենք հավատում ենք մեր դասախոսներին, մենք ձեզ հավատալով ենք կրթություն ստացել ու ձեզանից դասեր ստացել։ Մենք սպասում ենք ձեզ, գիտենք, որ միանալու եք մեզ։ Դասախո՛ս, միացի՛ր վանկարկումներով այսօր ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց մեկնարկել է ուսանողների դասադուլի 7-րդ օրը։
«Այն դասախոսը, որին դուք ճանաչում եք, երբեք էլ ձեզանից անջատ չի եղել։ Ուրիշ հարց, որ հիմա ամեն մեկն ընտրել է հարցի լուծման իր ճանապարհը», - հայտարարեց ուսանողների ակցիային միացած դասախոս Աշոտ Տեր-Մինասյանը։
Նա ասաց, թե հաճելի է, որ ակցիան ոչ քաղաքական է, լրատվամիջոցներին էլ խնդրեց ուսանողներին չկապել քաղաքական խաղերի հետ։
«Ուսանողների պայքարն արդար է։ Մենք կարոտում ենք ձեզ, մենք լսարանին ու ձեզ ենք կարոտում, և մտածում ենք նախարարության հետ քաղաքակիրթ զրույց ունենալու։ Անսխալական մարդ չկա աշխարհում, սիրելիներս։ Մենք ուզում ենք քաղաքակիրթ զրույց ունենալ, համոզել իրար, գալ ընդհանուր եզրակացության։ Այդ դեպքում մենք կդիմենք ձեզ՝ խնդրելով գալ լսարան։ Իսկ այդ հայտարարությունները, թե՝ միացեք, մենք ե՞րբ ենք անջատվել, որ հիմա էլ պետք է միանանք», - հայտարարեց դասախոսը։