13/11/2019 12:32
Պարոն Վարդանյան, Դուք ի՞նչ իրավունքով եք ցուցումներ տալիս երկու քաղաքական ուժի, որ հիմնավորեն, թե ոնց են քվեարկելու. Միքայել Մելքումյան
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին զարմացրեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերին ընդդիմադիր խմբակցությունների քվեարկությունը:
Նախագծերով, հիշեցնենք, առաջարկվում էր խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:
Վարդանյանն ասաց, որ օրենքը խորհրդարանական կառավարման դերի բարձրացման և խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը ամրացնելու մասին է: Վարդանյանը նաև անհասկանալի որակեց ԼՀԿ պատճառաբանությունը, թե դեմ են քվեարկել, որովհետև իրենց առաջարկն առ այն, որ նիստերին ներգրավվեն նաև խմբակցությունների ղեկավարները, չի ընդունվել: ԲՀԿ ձեռնպահ քվեարկությունը ևս զարմացրել էր Վարդանյանին, քանի որ, ինչպես ինքը նշեց, երեկ բոլոր խմբակցությունները դրական էին արտահայտվել նախագծին:
«Որևիցե բացասական ելութ չենք լսել երեկ նախագծի քննարկման ժամանակ, ու զարմանալի էր ԼՀԿ-ի դեմ և ԲՀԿ-ի ձեռնպահ քվեարկությունները», - ասաց Վարդանյանը:
Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց իրենց ցուցումներ չտալ քվեարկությունների մասով:
«Պարոն Վարդանյանը ցուցումներ էր ուզում տալ, որ քաղաքական խմբակցությունները պետք է հիմնավորումներ ներկայացնեն: Պարոն Վարդանյան, Դուք ի՞նչ իրավունքով եք ցուցումներ տալիս երկու քաղաքական ուժի, որ նրանք հիմնավորում ներկայացնեն Ձեզ, թե ոնց են քվեարկելու: Դրա իրավունքը Դուք ունե՞ք, չունեք», - ասաց Մելքումյանը:
Անդրադառնալով երեկ հայտարարությունների ժամին «Իմ քայլի» պատգամավորների կողմից ԲՀԿ-ին ուղղված մեղադրանքներին՝ Մելքումյանն ասաց, որ այդպիսով միևնույն է չի հաջողվելու լռեցնել ԲՀԿ-ին, քանի որ ի տարբերություն ժամանակավոր եկած քաղաքական ուժերի, ԲՀԿ-ն միշտ մնալու է դաշտում:
«Դուք ուզում եք ցուցումներ տալ մեզ, չի հաջողվի: Մենք մեր տեսակետը արտահայտելու ենք: Եթե այդ ճանապարհով գնաք, դուք դնում եք պառլամենտական ժողովրդավարության գործընթացի ճգնաժամի սկիզբ, բայց դա ձեզ չի հաջողվի: Հեղափոխությունների ժամանակ մակընթացություններն ու տեղատվությունները շատ էին: Կգան մակընթացություններ ու տեղատվութնններ, բայց խոշորները մնում են, մենք մնալու ենք հաստատ», - ասաց Մելքումյանը: