13/11/2019 17:29
Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է
Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանն այսօր հարցաքննվել է, Aysor.am-ին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով», - ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով։
Այնուհետև քրեական գործ է հարուցվել Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու մասին հրապարակման առթիվ։
Սանասարյանն ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ երեխայի մայրը հեռախոսազրույցի ընթացքում իրենից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին:
Հիշեցնենք՝ Analitik.am-ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը»։
Analitik.am-ի տեսանյութի տարածումից հետո Սանասարյանը հայտարարել էր, որ դա «շինծու մեղադրանք է մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։
Իրականությունը պարզելու ակնկալիքով Aysor.am-ը կապ էր հաստատել «Արմենիա» բժշկական կենտրոնի պատասխանատուների հետ, որտեղ դեպքից հետո տեղափոխել էին երեխային:
Բուժկենտրոնի ընդունարանի վարիչ Կարինե Աբաջյանը, սակայն, պնդել էր, որ սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարան վրաերթի ենթարկված 9-ամյա տղա չի ընդունվել:
«Ինձ մոտ գրանցված նման հիվանդ երեխա չկա։ Չի եղել նման դեպք։ Ես չգիտեմ՝ ով է գրել, ինչ են գրել։ Ես կուզեի այդ երեխայի մորը տեսնել, և ինքը գար ու ասեր, որ այստեղ նման բան է եղել։ Իմ ընդունարանում նման բան չի եղել», - նշել էր Աբաջյանը:
Ավելի ուշ, «Արմենիա» բուժկենտրոնի բժիշկ Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է բուժօգնություն ցուցաբերել երեխային: Ըստ Գևորգյանի՝ երեխայի մոտ ոսկրաբանական որևէ խնդիր՝ կոտրվածք, հոդախախտեր, այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ավելացրել էր նաև, թե հիվանդանոցի ներքին կանոնակարգի համաձայն՝ ոստիկանություն հայտնվում են այն դեպքերը, որոնք խնդրահարույց են, կամ որոնց դեպքում կա կոտրվածք:
9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։