14/11/2019 16:50
Բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ. Արարատ Միրզոյանը՝ «Մել» ֆիլմի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդարացված է համարում «Մել» ֆիլմին տրամադրված 20 մլն դրամը՝ նշելով, որ սա առիթ է այլ խնդիրների մասին մտածելու համար:
«20 մլն դրամ էլ կարելի է հատկացնել, որ մարդիկ մի պահ հնարավորություն ունենան իրենց առօրյայից կտրվելու և մի հայացք էլ այդ խնդրին նետեն, հետո էլի գնան իրենց գործերով», - ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը կոչ արեց հասկանալ, որ ֆիլմն արվեստի աշխարհից է՝ նշելով, որ երբեմն արվեստի անգամ լավագույն գործերը կարող են անհասկանալի լինել:
«Երբ խոսում ենք արվեստի մասին, իսկ ֆիլմը արվեստի աշխարհից է, կարող են տարբեր բանել հավանել կամ չհավանել, հասկանալ, չհասկանալ: Ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել, եթե դա մեղք է, ես չեմ կարող պարծենալ, որ ես ամբողջութամբ հավանում կամ հասկանում եմ Փարաջանովի «Նռան գույնը»: Հասկանում եմ՝ սա շատ մեծ մեղք է, բայց վստահ չեմ, որ բոլորվին անտեղյակ մեկին կարող եմ բացատրել այն: Սա չի խանգարում ինձ կիսել այլոց համոզմունքն այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսևորում է», - ասաց Միրզոյանը:
Վերջինս նկատեց, որ չի կարող հստակ ասել, թե ինչ մոտեցում կունենա ֆիլմի մասին՝ կհավանի՞ այն, թե՞ ոչ:
«Չգիտեմ՝ երբ պատրաստ լինի, կհավանեմ, չեմ հավանի, կհասկանամ, չեմ հասկանա այս ֆիլմը, բայց, ընդհանրապես, եթե այս ազգայնական անհանդուրժողականությունից վերացարկվենք, ապա կհասկանանք, որ կինոաշխարհում ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին: Սա կինոաշխարհ է, այստեղ ես իմ մեկնաբանությունը չունեմ, ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ», - եզրափակեց խոսքը նա: