14/11/2019 11:07
Պատգամավորների կարծիք արտահայտելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին դեմքը. Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը վարչապետի կողմից պատգամավորների կարծիքներին բռնանալու փորձ է տեսնում.
«Ցավում եմ, որ ինչ-որ ես խոսել եմ այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, բայց ես ազգի շահերից եմ խոսել և վատ բան չեմ ասել: Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը իրավունք ունի հայտնելու, հետո ես զգում եմ, որ կարծիքների արտահայտվելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին դեմքի կողմից», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղուկասյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ քրեական հեղինակությունների պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը՝ «կփռվեն ասֆալտին, կպառկցնեն գետնին՝ բառի բուն իմաստով»:
Ղուկասյանն ասաց, որ ինքը ասֆալտին պառկեցվելուց և պատերին խփվելուց չի վախենում:
«Ես այդպիսի մարդ չեմ, որ նմանատիպ բաներից վախենա, ես մի բանից եմ վախում՝ ահեղ դատաստանից: Հետո Դավիթ մարգարեն ասում է՝ «ձեր հույսը մի դրեք ձեր պաշտոնի, փողերի, կուսակցությունների վրա, ես թագավորը կսարքեմ փոշի, հովիվը կսարքեմ թագավոր, ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանացնեմ, ես սատկացնեմ…»:
Խոսելով Փաշինյանի զգուշացման մասին, որ չփորձեն հարցով հարակից զեկուցողների վախեցնել՝ Ղուկասյանն ասաց, որ անգամ չի ճանաչում, թե ում մասին է խոսքը՝ նկատելով, որ, հավանաբար, հարակից զեկուցողը (Նազելի Բաղդասարան - հեղ.) ուզում է ռեյտինգ հավաքել՝ իր անունը տալով:
Դիտարկմանը, թե վարաչպետը նաև իր խոսքում ակնարկեց, որ Ղուկասյանը ժամանակին թալանել է Գյումրին՝ պատգամավորը արձագանքեց՝ ՀՀ-ում ոչ մի կառույց չի եղել, որ իր պես մաքուր ու թափանցիկ աշխատի:
«Ոչ միայն ՀՀ -ում, այլև Խորհրդային միության բոլոր երկրներում ինչքան որ քաղաքապետարաններ, նախարարություններ, մարզպետարաններ եղել են, մեզ պես մաքուր ու թափանցիկ չեն աշխատել, ու դրա ապացույցն այն է, որ ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ ես եմ այն ժամանակ ընտրվել առանց կեղծիքի ու առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան ու մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թվականին, երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով վերցրին դրեցին էդ արկղերը աջ կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու: Ինչ-որ արել է էդ ժամանակ իր կուսակցությունն է արել, թալանանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Այնքան գումար եկավ ՀՀ, որ ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ ՀՀ-ն կկառուցվեր», - ասաց Ղուկասյանն՝ ավելացնելով, որ ամբողջ քաղաքը թալանվեց և 31 տարի գյումրեցիները մնացին տնակներր մեջ, որի մեղքը Նիկոլ Փաշինյանի այդ ժամանակվա թիմն է:
Ավելի վաղ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը չէր բացառել, որ քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկել առաջարկող օրենքի նախագիծը կարող է «օրենքով գողերի անվան տակ մի շարք անմեղ մարդկանց գաղութ նստեցնելու պատճառ դառնալ»: Ղուկասյանը նաև պնդել էր, որ ՀՀ-ում կրիմինալ չկա, ապա ավելացրել՝ օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան, իսկ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետն արձագանքել էր այս հայտարարություններին: