15/11/2019 12:35
Ապրում ենք քաղաքական ու տնտեսական ականապատված դաշտում, որտեղ կան մեծ ու փոքր ցնցումներ. Թևանյան
Մեզ հիմա հավաքական «մենք»-ի լիարժեք հաղթանակ է պետք նաև ներքին կյանքում, «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
«Շատերին թվում էր, թե այդ «մենք»-ը հաղթել է 2018-ի գարնանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ դու քո ես-ը և ամբոխի վերածված մենք-ը ինքնակամ հանձնում ես պատահական մարդու, ապա ստանում ես ընդամենը էժանագին սերիալ: Մենք ապրում ենք քաղաքական ու տնտեսական ականապատված դաշտում, այդ ականները պարբերաբար պայթում են` մեծ ու փոքր ցնցումներ առաջացնելով», - ասաց Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով` Հայաստանում առկա են մի շարք ճգնաժամեր՝ սեփականության լեգիտիմության ճգնաժամ, քաղաքական լեգիտիմության ճգնաժամ, մասնակցային ճգնաժամ և կոմպետենտության ճգնաժամ:
«Հայաստանի ու Արցախի հանրապետությունները բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների առջև են կանգնած, իշխանությունների որակը, մեղմ ասած, համարժեք չէ այդ մարտահրավերների բնույթին», - հայտարարեց Թևանյանը:
Նա նշեց, որ «վայրի կապիտալիզմից» պետք է անցում կատարել մարդկային դեմքով ժողովրդական կապիտալիզմի: