15/11/2019 12:43
Իշխանությունը չի անում այն, ինչ խոստացել էր, անում է այն, ինչը խոստացել էր վերացնել. Անդրանիկ Թևանյան (Տեսանյութ)
Տնտեսական հարաբերությունները 28 տարվա ընթացքում անցել են մի քանի փուլ ու այժմ դեմ առել տնտեսական հեղափոխության լոզունգային պատին: Իշխանությունը չի անում այն, ինչ խոստացել էր անել, և անում է այն, ինչը խոստացել էր վերացնել, «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
«Խոստացված տնտեսական հեղափոխության շոշափելի արդյունքները հետաձգվել են մինչև 2050 թվականը, քանզի 31 տարվա հեռավորությունից կարելի է խուսափել ներկայի պատասխանատվությունից ու հաշվետվության պարտավորությունից։
Խոստացվել է 15 անգամ մեծացնել ՀՆԱ–ն՝ 2050–ին, իհարկե։ Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա Տնտեսական ակտիվության ցուցանիշը համահունչ չէ թիրախային այդ թվին, նախորդ տարվանն էլ, հաջորդ տարվանն էլ: Ընթացիկ տնտեսական շարժը հիմնականում ապահովվում է ծառայությունների, ավելի կոնկրետ՝ շահումով խաղերի, ինչպես նաև հայտնի պատճառներով դրսից ներմուծվող ավտոմեքենաների վերավաճառքի միջոցով։ Իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի վտանգի տակ է ինչպես բյուջետային մուտքերի ապահովման հարցը, այնպես էլ համեստորն պլանավորած 4,9 տոկոսանոց տնտեսական աճը։ Եթե նույնիսկ ամեն ինչ ըստ պլանի լինի, ապա միևնույն է 2050–ի դրախտային ցուցանիշներին հասնելու համար 2020–ը պաշտոնապես կորած է հայտարարվել», - հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:
Տնտեսական հեղափոխության բովանդակային կողմի բացակայությունը, Ա. Թևանյանի խոսքով, ծնել է իր հերոսներին։
«Ըստ ամենավերևից եկող մեսիջների՝ այդ հերոսներն են ՀԴՄ կտրոն պահանջող, ոչխար պահող և մոշ հավաքող հպարտ քաղաքացիները։ Ամեն ամիս մեծ ցնծությամբ հայտարարվում է, թե որքան ՀԴՄ կտրոն է տպվել։ ՀԴՄ–ներ պահանջելը Ստախանովյան շարժման պես է ներկայացվում։ Սա, ի դեպ, առանց կատակի։
Այլ մեսիջ իշխանությունը տնտեսական քաղաքականության առումով չի տվել։ Իսկ ինչ էլ որ տվել է, հակառակ պատկերն է ապահովել», - հայտարարեց Անդրանիկ Թևանյանը: