15/11/2019 18:46
Տարբեր մշակույթներից եկած մարդիկ պետք է համակերպվեին. համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր. Իսպանիայում կամավոր աշխատած Արմինե Մարուքյան
«Երազանքը Հայաստանից դուրս» շարքի շրջանակում Aysor.am-ի զրուցակիցն այս անգամ Արմինե Մարուքյանն է, ով երկու կամավորական ծրագրի է մասնակցել:
Արմինեն սովորել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, որն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է կամավորական աշխատանքի: Արմինեն մասնագիտությամբ թարգմանիչ է, որպես երկրորդ լեզու սովորել է իսպաներեն, հենց այստեղից էլ առաջացել է Իսպանիա մեկնելու ցանկությունը:
Արմինեն Իսպանիա է մեկնել 2016 թվականի օգոստոսին: «Youth In Action» ծրագրի շրջնակում գործող «Ինտերկամբիա» երիտասարդական կազմակերպությունում, որը զբաղվում է տարբեր երկրներում երիտասարդների համար փոխանակման և կամավորական ծրագրեր կազմակերպելով, զրուցակիցս որպես կամավոր աշխատել է 9 ամիս: Սա կամավորական աշխատանքի առաջին փորձը չէր: Մինչև Իսպանիա մեկնելն Արմինեն 2015 թվականին երկու ամսով կամավորական ծրագրի է մեկնել Բուլղարիա՝ մասնակցելով հնագիտական պեղումների:
Բավականին հետաքրքիր փորձ էր միասին ապրելը. համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր
Եվրոպայում մի քանի ամիս ապրելն առաջին հայացքից իսկական երազանք է թվում: Կարող է տպավորություն ստեղծվել, որ որոշ ժամանակ հեռու ես լինելու բոլորից, ապրես միայնակ ու անհոգ կյանքով, մինչդեռ, եթե որոշել եք կամավոր աշխատել Եվրոպայում, ապա պետք է պատրաստ լինեք ձեր կենցաղը կիսել այլ երկրների ներկայացուցիչ կամավորների հետ, նրանց հետ ապրեք նույն տանը:
Զրուցակիցս համատեղ կենցաղ կիսելը հետաքրքիր փորձ է համարում: Նա բնակարանում ապրել է երկու ֆրանսիացի կամավորների հետ, հետո նրանցից մեկին փոխարինելու է եկել ազգությամբ իտալացի կամավոր:
«Բավականին հետաքրքիր փորձ էր միասին ապրելը. տարբեր մշակույթներից եկած մարդիկ, տարբեր պատկերացումներով, ապրելակերպով պետք է մի տան մեջ համակերպվեին: Համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր», - հիշում է զրուցակիցս:
Նա նշում է, որ համատեղ կենցաղը դժվարություններ է ստեղծում գրեթե բոլոր կամավորների համար.
«Բոլորի համար էլ դժվար է, երբ անծանոթ մարդկանց հետ ստիպված ես մի տան մեջ ապրել ու տարածք կիսել: Յուրաքանչյուրս ուներ իր սենյակը, բայց ընդհանուր մաքրությունը պիտի կիսեինք, կային հարցեր, որոնց շուրջ պետք էր ընդհանուր որոշում կայացնել, դա կոնֆլիկտի էր բերում: Սա տարածված խնդիր էր, գիտեմ, որ բոլորի մոտ այս խնդիրը կար»:
Զրուցակիցս նշում է՝ իր ծրագրի շրջանակում սա, թերևս, միակ դժվարությունն էր, մինչդեռ նկատում է, որ կամավորական ծրագրերի ընթացքում կամավորները մի շարք այլ խնդիրների կարող են բախվել, որոնց պետք է պատրաստ լինել.
«Յուրաքանչյուր ծրագիր յուրահատուկ է: Ընկերներիս փորձից էլ կարող եմ ասել, որ ամեն մեկն իր պրոեկտում ինչ-որ խնդիր ուներ՝ մեկը ղեկավարի հետ, մյուսը՝ թիմում և այլն: Իմ դեպքում, բարեբախտաբար, այդպես չի եղել», - ասում է Արմինեն:
Վերջինիս համար կամավորությունը բավականին հետաքրքիր փորձ էր, որի արդյունքում կարողացել է ընկերներ ձեռք բերել.
«Ինձ հետ աշխատող աղջիկն Ուկրաինայից էր: Նրա հետ լավ ընկերներ դարձանք: Մինչև հիմա երբեմն շփվում ենք»:
Ուզում էի մի տարի ժամանակ վերցնել ու հասկանալ՝ ինչպես շարունակել կրթությունս, կողմնորոշվել ապագա մասնագիտությանս հարցում
Եվրոպայում կամավոր աշխատելու ցանկությունը նախ արդարացված էր ճանապարհորդելու հեռանկարով, բացի այդ՝ զրուցակցիս նաև ժամանակ էր պետք հետագա կրթությունը շարունակելու հարցում ավելի լավ կողմնորոշվելու համար:
«Ի սկզբանե ցանկանում էի ճանապարհորդել, քանի որ դրա հնարավորությունը մինչ այդ չէի ունեցել: Մինչև Բուլղարիա գնալը Հայաստանից դուրս չէի եղել: Համ ժամանակ չէր եղել՝ դպրոց, բուհ, համ էլ միջոցներ չէին եղել, իսկ երբ համալսարանն էի ավարտում, ուզում էի մի տարի ժամանակ վերցնել ու հասկանալ՝ ինչպես շարունակել կրթությունս, կողմնորոշվել ապագա մասնագիտությանս հարցում, որովհետև չէի ուզում թարգմանության ոլորտում շարունակել: Որոշեցի փնտրել ծրագիր, որը թույլ կտա ճամփորդել, նոր մարդկանց հանդիպել, նոր փորձ ձեռք բերել, նոր ոլորտում ինձ փորձել», - հիշում է Արմինեն:
Ճամփորդելը, տարբեր մարդկանց հետ շփվելը, փոխում է աշխարհընկալումդ
Կամավորական աշխատանքի մեծագույն ձեռքբերումը զրուցակիցս համարում է ոչ միայն ճամփորդելու հնարավորությունն, այլև այն, ինչ մնում է ճամփորդելուց հետո:
«Այդ ընթացքում հասցրի մի քանի երկիր այցելել: Ճամփորդելուց նախ շատ լավ տպավորություններ ես ստանում, անփոխարինելի ապրումներ են, հետո՝ ճամփորդելու փորձ ես ձեռք բերում, շատ ավելի ինքնավստահ ես դառնում, տարբեր բեքգրաունդ ունեցող մարդկանց հետ ես շփվում, ինչը լայնացնում է աշխարհայացքդ: Եթե նախկինում ինչ-որ բաների նկատմամբ ավելի կատեգորիկ հայացքներ ունեի, ընթացքում սկսեցի զգալ, որ ամեն ինչ միանշանակ չէ ու հետաքրքիր է: Ճամփորդելը, տարբեր մարդկանց հետ շփվելը, փոխում է աշխարհընկալումդ», - պատմում է Արմինեն:
Ես կարոտել էի Հայաստանը, ուզում էի արդեն վերադառնալ
Թեև կամավորական աշխատանքը դուր էր գալիս Արմինեին և նա չի զղջում, որ որոշել է այդքան ամիս արտերկրում անցկացնել, բայց նշում է՝ արդեն կարոտել էր Հայաստանը և ցանկություն կար վերադառնալու:
«Ես կարոտել էի Հայաստանը, ուզում էի արդեն վերադառնալ: Ինձ համար դժվար չի եղել վերադառնալուց հետո ադապտացվել: Ճանաչում եմ մարդկանց, որ ասում են՝ շատ դժվար է եղել վերադառնալը, չէին ցանկանում վերադառնալ, նորից ուզում էին հետ գնալ, բայց ինձ մոտ այդպես չի եղել: Եկա ու մի քանի օր հետո աշխատանքի ընդունվեցի, ու դա էլ երևի նպաստեց, որ ինձ մոտ դեպրեսիա չսկսվի»:
Հայաստան վերադառնալուց հետո Արմինեն որոշեց այլ ոլորտում իրեն փորձել: Սկզբում սկսեց աշխատել որպես «content writer»՝ բովանդակություն ստեղծելով կայքերի, սոցցանցերի և բլոգների համար, ապա ավելի խորացրեց գիտելիքները թվային մարքեթինգի և թվային գովազդի մեջ:
«Հիմա թվային գովազդով եմ զբաղվում և դա ինձ շատ է դուր էր գալիս: Կրթությունս հենց մարքեթինգի ուղղութամբ եմ մտածում շարունակել: Չէի ասի, թե կամավոր աշխատած ժամանակն ինձ օգնեց կողմնորոշվել, որ այս ոլորտում սկսեմ աշխատել, պարզապես այդպես ստացվեց, որ եկա սկսեցի այդ ուղղությամբ աշխատել ու դա ինձ դուր եկավ», - ասում է Արմինեն՝ ընդգծելով, որ դիտարկում է արտերկրում այս ուղղվածությամբ մագիստրոսական կրություն ստանալու հեռանկարը, քանի որ Հայաստանում թվային մարքեթինգի ոլորտում կրթությունը դեռ զարգացած չէ:
Իսպանական հայտնի սիեստան գոյություն ունի . մարդիկ շատ ավելի հանգիստ են, անհոգ, մեզանից ավելի քիչ են աշխատում
Դրսում ապրելը հնարավորություն է տալիս համեմատականներ անցկացնել կենցաղների, մարդկանց ապրելակերպի նմանությունների և տարբերությունների միջև:
«Իսպանիայում մարդիկ շատ ավելի հանգիստ են, անհոգ, երեկոյան աշխանքից հետո փաբ են այցելում, մեզանից ավելի քիչ են աշխատում: Համ աշխատանքային ժամերն են ավելի քիչ, համ իրենք ավելի հանգիստ են, քան մենք: Գուցե, այդ տպավորությունը ստացել եմ, որովհետև այդպես էր այն ոլորտում, որում ես աշխատում եմ, բայց խանութներում էլ այդպես էր: Իսպանական հայտնի սիեստան գոյություն ունի. խանութները ցերեկները մի քանի ժամ փակվում են, հետո՝ նորից բացվում, մարդիկ գալիս մի քանի ժամ աշխատում են ու գնում: Մեծ սուպերմարկետներն էլ կիրակի և տոն օրերին փակ են, իսկ մեզ մոտ նման բան, որ լինի, իսկական աղետ կլինի: Այստեղ մարդկանց աշխատանքային իրավունքներն ավելի լավ են իրացվում», - հիշում է զրուցակիցս:
Զուգահեռներ անցկացնելով իսպանացիների և հայերի միջև՝ Արմինեն նկատում է, որ իսպանացիները նման են մեզ՝ պահում են ընտանեկան ավանդույթները:
«Ես ընկերներ ունեի, որ ծնողների հետ չէին ապրում, բայց կիրակի օրն անպայման պետք է հանդիպեին, միասին ճաշեին: Ընտանեկան գծած կանոններ ունեին, որոնք համարյա չէին խախտում»:
Կարող եմ խորհուրդ տալ մաքսիմալ բաց լինեն այդ ընթացքում բոլոր հնարավորությունների համար, նույնիսկ, եթե մի պահ թվա, որ իրենց մտքով անցածը հիմարություն է
Թեև Արմինեն իր կամավորական աշխատանքի փորձը համարում է հաջողված, միևնույն ժամանակ, նշում է, որ չի կարող խորհուրդ տալ անպայման մասնակցել կամ էլ չմասնակցել նման ծրագրերի՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է հասկանա՝ պատրա՞ստ է կամ ուզո՞ւմ է նման փորձառություն ձեռք բերել, թ՞ե ոչ:
Փոխարենը զրուցակիցս խորհուրդ է տալիս կամավորական աշխատանքի մեկնած երիտասարդներին մաքսիմալ բաց լինել նոր հնարավորությունների առջև:
«Կարող եմ խորհուրդ տալ մաքսիմալ բաց լինեն այդ ընթացքում բոլոր հնարավորությունների համար, նույնիսկ, եթե մի պահ թվա, որ իրենց մտքով անցածը հիմարությունն է, օրինակ, մտածեն, որ ամսական բյուջեն չի հերիքի մի ճամփորդություն անելու, այդ ընթացում կարելի մի քիչ դիետա պահել և ավելի շատ ճամփորդել: Բոլոր ռեսուրսները դնել այդ փորձառության վրա, ոչ թե նյութական բաների, որովհետև սա հենց այդ ժամանակն է», - ասում է զրուցակիցս:
Ինչ վերաբերում է կավորական աշխատանքի վարձատրությանն, ապա զրուցակիցս համաձայնում է՝ քիչ գումար է, բայց հնարավոր է ամսվա ընթացքում նորմալ սնվել և մի քիչ էլ խնայել ճամփորդելու համար:
«Բյուջեն իրոք քիչ է, շատ դժվար էր հերիքում, ամսվա վերջին բոլորը դիետայի վրա էին, բայց ինձ թվում է դա արդարացված է: Համենայն դեպս, Իսպանիայում գները համեմատելի են Հայաստանի հետ: Այստեղից ցածր չեն, բարձր են, բայց համեմատելի են: Պարզ է՝ շքեղությունների մեջ այնտեղ չենք ապրում ամեն օր ծովամթերք չենք ուտում կամ սպիտակ գինի չենք խմում, բայց նորմալ հնարավոր է ապրել, լրիվ նորմալ սնվել: Ես նախընտրում էի նաև ինչ-որ գումար պահել ու ճամփորդությունների վրա ծախսել: Չեմ փոշմանել, հակառակը՝ փոշմանել եմ, որ նույնիսկ ավելի շատ չեմ ճամփորդել: Ես մինչև մեկնելս էլ էի գումար խնայել ու դա էլ էի ինձ հետ վերցրել, բայց առանց դրա էլ հնարավոր կլիներ ճամփորդել», - պատմում է Արմինեն:
Նա նաև նշում է, որ Եվրոպայում ճամփորդելն անհամեմատ մատչելի է: Թռիչքները հարևան երկրներ բավականին հասանելի են, այնպես որ կարելի է կամավոր աշխատած ժամնանակահատվածն օգտագոծել ոչ միայն նոր ընկերներ, նոր հմտություններ ձեռք բերելու, այլև ճանապարհորդելու համար:
Կարդացեք նաև՝