15/11/2019 09:35
«Հրապարակ». ԱԳՆ-ում ծանոթացել են նամակի բովանդակությանը և բարձր են գնահատում բազմակարծությունը
«Հրապարակ» թերթը գրում է, որ հարցին, թե ինչ ճակատագիր ունեցավ ՀՀԿ երիտթևի՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին փոխանցած նամակը՝ հրաժարականի պահանջով, ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր. «Մենք ծանոթացել ենք նամակի բովանդակությանը, մենք բարձր ենք գնահատում մեր հասարակությունում բազմակարծության առկայությունը, սակայն ավելի բարձր կգնահատենք, եթե դրանք լինեն քաղաքավարության կանոնների ներքո»:
Թերթը հետաքրքրվել է, թե հատկապես նամակի ո՞ր մասն էր «ոչ քաղաքավարական»։
Թերթի աղբյուրների վկայությամբ՝ նախարարին հատկապես դուր չի եկել նամակի «Պատկերավոր ասած, պարոն նախարար, Դուք ձախողակ եք, չնայած Ձեր պարագայում սա ոչ թե պատկերավոր արտահայտություն է, այլ Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր իրականություն» հատվածը:
Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Ես նամակի որևէ մաս չեմ առանձնացնելու»: