17/11/2019 16:11
Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը
Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գրիգորի Սահակյանը իր ելույթում, խոսելով կուսակցության ստեղծման շարժառիթների մասին, ասաց, որ իրենք հաշվի են առել ժամանակի պահանջը և հասարակությանը այլընտրանքի հնարավորություն տալու գերնպատակը՝ որոշում կայացնելով ստեղծել նոր քաղաքական ուժ, որը կդավանի ազգային-պահպանողական գաղափարներ:
« «Վստահություն» կուսակցությունը հանդես է գալու կառուցողական ընդդիմության դիրքերից և պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ, միավորվելու հանուն ընդհանուր նպատակների», - ասաց Գ. Սահակյանը:
Այնուհետև ելույթներով հանդես են եկել նախաձեռնող խմբի այլ անդամներ, որոնք ևս ներկայացրել են իրենց մոտեցումները և կուսակցության օրակարգային հարցերը:
Համագումարի ընթացքում նաև հիմնվել են տարածքային ստորաբաժանումներ, հաստատվել է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, կատարվել է գործադիր մարմնի և վերահսկողություն իրականացնող մարմնի անդամների ընտրություն, իսկ կուսակցության նախագահ է միաձայն ընտրվել նախաձեռնող խմբի անդամ Գրիգորի Սահակյանը:
Համագումարին ներկա են եղել տարբեր քաղաքական ուժերի և ակտիվ քաղհասարակության ներկայացուցիչներ, համակիրներ: