18/11/2019 12:10
Երևանի քաղաքապետարանի 2019-ի բյուջեում աննախադեպ թերծախս է եղել. Ավագանու անդամներ
Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեում աննախադեպ թերծախս է եղել՝ 7 մլրդ 800 մլն դրամ, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասացին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը և Թեհմինա Վարդանյանը։
«Երբևիցե այս ծավալի թերծախս չի եղել, նույնիսկ մնացորդ չի ունեցել Երևանի բյուջեն այն ժամանակ, երբ չկար քաղաքային իշխանություն։ Երբ կլինի կատարաողականը, այն ժամանակ կտեսնենք, թե որտեղ են թերացել», - ասաց Անի Խաչատրյանը։
«Դա չարված աշխատանքի գումարն է։ Սա տնտեսում չի, քաղաքային իշխանությունն անընդհատ փաթեթավորում է նմանօրինակ իրավիճակները, թե մենք տնտեսումներ ենք արել։ Ո՛չ, եղբայր, դա չարված աշխատանք է, որի մնացորդը կազմել է 7 մլրդ 800 մլն դրամ։ Սա աննախադեպ է, ոչ թե, որ կառավարությունը քաղաքային իշխանությանը ահռելի գումար սուբվենցիա է տվել, այլ նման բյուջեն է աննախադեպ Երևանի պատմության մեջ», - ասաց Թեհմինա Վարդյանյանը։
Անդրադառնալով աղբահանման նոր հիմնարկի ստեղծմանը՝ Թեհմինա Վարդանյանն ասաց, թե քաղաքային իշխանությունը հերթական անգամ թոզ է փչում քաղաքացիների աչքերին՝ ասելով, որ ավելի մատչելի ծառայություն են մատուցելու, քան «Սանիթեք»-ն էր իրականացնում։
«Ո՛չ, դրանց գումարը շատ ավելի շատ է, քան «Սանիթեք»-ին տրամադրվող գումարը», - ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է վերելակներին, Անի Խաչատրյանն ասաց, թե քաղաքապետարանի հնգամյա ծրագրում նոր վերելակի մասին ոչինչ չկա։
«Ավելին, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բյուջեների մեջ նույնիսկ վերելակների տեխսպասարկման համար նախատեսված ոչինչ չկա», - ասաց Անի Խաչատրյանը։