18/11/2019 11:59
Չափազանց բարձր է հայտարարագման ենթակա թանկարժեք գույքագրման շեմը՝ 8 մլն դրամ. Էդգար Շատիրյան
Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շատիրյանն առաջարկում է հայտարարագրման ենթակա առարկաների ցանկը ընդլայնել:
«Պետք է անկեղծ լինել և արձանագրել, որ գույքի և եկամուտների՝ այս պահին հանրային ծառայության մասին օրենքով սահմանված բովանդակությունը, մեղմ ասած, համահունչ չէ ապօրինի հարստացման դիսպոզիցիային: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև այսօր հայտարարագրման ենթակա են բացառապես անձի՝ սեփականության իրավունքի գույքի մասով տվյալները, չափազանց բարձր է հայտարարագման ենթակա թանկարժեք գույքագրման շեմը՝ 8 մլն դրամ, գործնականում դժվար վերահսկելի են կամ անվերահսկելի են կանխիկի հոսքին վերաբերող համապատասխան գործընթացները, դրամական միջոցների մասով չկա հստակ տարանջատում կանխիկ և անկախանխիկ դրամական միջոցների միջև: Դասական իմաստով պարտավորությունների հայատարարագրման համակարգ չունենք, թեպետ ստացված վարկերն ու փոխառությունները հայտարարագրվում են եկամուտների հայտարարագրման համատեքստում, բայց վարկերի մարումների, ստացած փոխառությունների վերադարձի պահանջ օրենքով առաջադրված չէ», - ասաց թեկնածուն՝ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի ժամանակ:
Շատիրյանը նաև նկատեց, որ ծախսերի հայատարարագրման համակարգի բացակայությունը ևս բավականին լուրջ խնդիր է.
«Որոշ կապիտալ ծախսեր այսօր էլ են հայտարարագրվում, բայց մենք չունենք ծախսերի հայտարարագրման համակարգ և օրենսդրի կողմից սահամանված նվազագույն շեմ այն մասին, թե ինչ ծախսեր են ենթակա հայտարագրման»:
Նշենք, որ հանձնաժողովի մեկական թեկնածու են առաջարկել կառավարությունը, ԱԺ 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: