18/11/2019 22:05
Փոխգնդապետի ծեծի գործով Վայոց Ձորի նախկին մարզպետի դեպքի վայրում չլինելու վերաբերյալ նախաքննական մարմնի գնահատականները վաղաժամ են. Ռաֆայել Ամիրխանյան
Զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի դեպքի վայրում չլինելու վերաբերյալ նախաքննական մարմնի հայտարարությունները տուժողների ներկայացուցիչ փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը վաղաժամ է գնահատում:
Aysor.am-ի թղթակցի հետ զրուցում փաստաբանն ասաց, որ հիշյալ գործով նախաքննական մարմնի կայացրած որևէ որոշում իրենք չեն ստացել, իսկ Քննչական կոմիտեի հրապարակած նյութերում նախաքննության այս փուլում Վայոց Ձորի նախկին մարզպետի դեպքին մասնակցության վերաբերյալ գնահատականները՝ վաղաժամ են:
Ըստ Ամիրխանյանի, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10-ը շենքի մուտքի նկարահանող տեսախցիկի տեսագրությամբ երևում է, որ Տրդատ Սարգսյանը դեպքի օրը՝ ժամը 22:02-ին, մտնում է շենքի շքամուտքից ներս, իսկ մի քանի րոպե անց տարածքը լուսավորող լույսն անջատվում է և միանշանակ չի երևում, թե դրանից հետո ովքեր են շենքից ելք ու մուտք անում, միանշանակ չի երևում նաև, որ Տրդատ Սարգսյանը դուրս չի եկել շենքից և չէր կարող ներկա գտնվել վիճաբանությանը: Հակառակ սրա, ինչպես իրավացի նշված է ՔԿ հաղորդագրության մեջ՝ գործով երկու տուժող և մեկ վկա միանշանակ պնդում են, որ տեսել են նախկին մարզպետին դեպքի վայրում, ավելին, նաև զրուցել են նրա հետ:
Թե ինչ նպատակ է հետապնդում նախաքննության այս փուլում նախաքննական մարմնի նման հրապարակումը միայն կարող ենք ենթադրել, ասում է փաստաբանն ու հավելում, որ ոչ թե պետք է նախաքննական մարմինը զբաղվի Տ.Սարգսյանի դեպքին ներկա գտնվելը հերքելով, այլ պետք է գործուն քայլեր ձեռնարկեն դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Մեղադրյալներ Հարություն և Զավեն Գրիգորյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը, ովքեր իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել են Տրդատ Սարգսյանին առերես:
Վերջինս կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ից գտնվել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում:
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում և մեղադրյալների բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով ստույգ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործության դեպքը կատարվել է սեպտեմբերի 17-ի ժամը 23.55-ին և սեպտեմբերի 18-ի ժամը 00.01-ի դրությամբ ավարտվել է, քանի որ, համաձայն հեռախոսազանգերի վերծանումների, նշված ժամին է ահազանգ կատարվել «Շտապ բուժօգնություն» ծառայություն:
Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է Տ.Սարգսյանի՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ին վերադառնալու և մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00.20-ը բնակարանից չբացակայելու հանգամանքը:
18.10.2019թ. ստացվել է տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, այդ թվում և՝ ֆոտոաղյուսակը, համաձայն որի՝ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի /Տ.Սարգսյանի բնակության վայր/ 1-ին հարկում գործող ատամնաբուժարանից առգրավված և փորձաքննությանը ներկայացված տեսագրող սարքի հետազոտությամբ մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել, միաժամանակ պարզվել է, որ տեսագրող սարքի ժամային ցուցիչն իրական ժամից հետ է ընդամենը 2 րոպե:
Տ.Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով:
Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: