18/11/2019 12:36
Եթե ֆորսմաժորներ չգրանցվեն, Վրաստանում վտանգավոր զարգացումներ տեղի չեն ունենա. Մելիքյան
Եթե ֆորսմաժորներ չգրանցվեն, Վրաստանում վտանգավոր զարգացումներ տեղի չեն ունենա։ Համենայնդեպս այս պահին նման ազդակներ չկան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Թբիլիսիում՝ խորհրդարանի առջև ցուցարարների կողմից բարիկադներ կառուցելու փաստին։
«Չեմ տեսնում այնպիսի կրիտիկական մասսա, որն իր դժգոհությունը կարտահայտի փողոցներում՝ լայնածավալ բողոքի ակցիաների միջոցով։ Իհարկե, ազգաբնակչության շրջանում դժգոհություն կա, բայց այն չի հասել մի կետի, երբ հազարավոր և տասնյակ հազարավոր մարդիկ դուրս գան փողոց։ Եթե գործը դրան հասնի, ուրեմն կարող են բոլորովին այլ զարգացումներ հետևել», - ասաց մեր զրուցակիցը։
Ջոնի Մելիքյանը հիշեցրեց, որ Վրաստանում իրավիճակի լարման հիմք է հանդիսացել ընտրական համակարգի սահմանադրական բարեփոխման տապալումը։
««Վրացական երազանք» կուսակցությունը՝ հանձինս կուսակցության նախագահ Բիձինա Իվանաշվիլիի, դեռ այս ամռանից խոստում էր տվել պատրաստելու և ընդունելու սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որով Վրաստանիը կանցի 10 տոկոս համամասնական ընտրակարգի։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ իշխող թիմը չի կատարել խոստումը։ Սա, իմ կարծիքով, բավականին լուրջ նվեր էր ընդդիմության համար՝ դա օգտագործելու հենց իր՝ իշխող ուժի դեմ», - ասաց Ջոնի Մելիքյանը։
Նա շեշտեց, որ բողոքի ներկա ալիքն անհամեմատ թույլ է ամռանը տեղի ունեցած հակառուսական հզոր ցույցերից, և ծավալվող իրադարձությունների մասշտաբներն այդքան էլ մեծ չեն։
«Իրադարձությունների հետագա ընթացքը կախված է նրանից, թե իրենց ինչպես կդրսևորեն իրավապահ մարմինները, ինչ քայլեր կձեռնարկի իշխանությունը։ Մյուս կողմից, որպեսզի ճգնաժամը չխորանա, վրացական իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ականջալուր լինեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ երկխոսություն սկսելու կոչերին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը առաջին անգամից չի կարողացել ընդունել Սահմանադրության ուղղումները, որոնք ենթադրում են 2020 թվականին պատգամավորների ընտրություններում անցում խառը ընտրական համակարգից համամասնականի։ Իշխող կուսակցության կողմից իր խոստումը չկատարելուց հետո Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի առջև բողոքի անընդմեջ ցույց է սկսվել: