18/11/2019 18:01
Ի՞նչ հեղափոխական բյուջեի մասին է խոսքը, եթե կարիք կա ԱԺ ամբիոնից առաջին դեմքով փորձել բացատրել դրա հեղափոխականությունը. փորձագետ
Նիկոլ Փաշինյանի՝ բյուջեի մասին ամփոփիչ ելույթում խնդրահարույց հարցեր կան: Վարչապետը 2020թ. բյուջեի հեղափոխականությունը փորձ արեց հիմնավորել 2018-19թթ. սոցիալ-տնտեսական հաջողություններով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ խոսելով Բյուջե 2020 նախագծի վերջնական քննարկման մասին:
«Նախ, շատ երկար վերլուծության ու խորը մեկնաբանության խնդիր է, թե այդ հաջողությունների որ մասն է իրականություն, որը՝ մանիպուլյացիա, որն է իրականացված տնտեսական քաղաքականության արդյունք, որը՝ արտաքին իրավիճակային գործոնների ազդեցության հետևանք: Երկրորդ, որքանո՞վ է կոռեկտ նախորդ երկու տարիների վիճակագրության հիման վրա գնահատական տալ դեռևս, այսպես ասած, «չգործարկված» բյուջեին: Եվ առհասարակ, ի՞նչ հեղափոխական բյուջեի մասին է խոսքը, եթե կարիք կա Ազգային ժողովի ամբիոնից առաջին դեմքով բացատրել դրա հեղափոխականությունը: Հեղափոխական ամեն ինչը, բոլոր գրված ու չգրված օրենքներով, հանրության համար այնքան ակնհայտ ու տեսանելի պետք է լինի, որ բացատրության կարիք չունենա»,- ասաց փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Փորձագետը պնդում է, որ, այո, պետք է տնտեսական քաղաքականության արդյունքում արձանագրված դրական երևույթների մասին խոսել: Մինչդեռ, ըստ Լ. Ամիրխանյանի, մի դրական երևույթը տարատեսակ ձևակերպումներով փորձ է արվում բազմապատկել.
«Ընթացիկ տարվա բյուջեի եկամտային մասին աճը, որն իսկապես կա, հիմնականում պայմանավորված է հարկային քաղաքականությամբ: Սրա ներքո է ստվերի դեմ պայքարի քաղաքականությունն ու գրանցված աշխատողների թվի աճը: Սա այն է, ինչ կա իրականում: Հիմա, կարելի է մեկ նախադասությամբ սրա մասին խոսել, կարելի է տարանջատել ու, որպես առանձին բաղադրիչներ, ավելի շատ դրական փաստերի ներքո ներկայացնել: Իշխանությունը շարժվում է երկրորդ տրամաբանությամբ: Նույնը կարելի է ասել նոր աշխատատեղերի հարցի շահարկման մասին. հասկանալի՞ է չէ, որ կրկին գործ ունենք ոչ թե նոր աշխատատեղերի հետ, այլ՝ եղածների օրինական դաշտ բերելու արդյունքի հետ: Սա ոչ մի կերպ չի նշանակում, որ դա լավ չէ, բայց լավ չէ, որ մի փաստը տարբեր կերպ մանիպուլացվում ու վաճառվում է հանրությանը», - մանրամասնեց փորձագետը:
Լիլիա Ամիրխանյանի խոսքով՝ բյուջեն հեղափոխական չէ, քանի որ չկան հեղափոխական, համակարգային լուծումներ տնտեսության իրական հատվածում առկա խնդիրների համար:
«Դիտարկենք գործազրկության խնդիրը, հարց, որը տարիներ ի վեր առաջնայիններից է եղել, ընդ որում շատ հաճախ ոչ թե աշխատատեղ չլինելու պատճառով, այլ՝ պահանջվող մասնագետների առջև դրված չափորոշիչների: Բարձրագույն կրթություն, օտար լեզուների պարտադիր իմացություն և որ ամենակարևորն է՝ աշխատանքային փորձ: Արդյունքում, բուհն ավարտած երիտասարդ մասնագետը կանգնում է աշխատանք գտնելու խնդրի առաջ: Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կան թափուր աշխատատեղեր: Բայց պահպանվում է նաև գործազրկությունը: Ո՞րն է իշխանությունների համակարգային լուծումը, կան արդյոք պետության կողմից մոտիվացնող համակարգային առաջարկներ անփորձ մասնագետներին աշխատանքով ապահովելու վերաբերյալ, կա՞ն ինչ-ինչ արտոնություններ տրամադրող մեխանիզմներ այն ընկերություններին, որոնք աշխատանքի հիմքում դրված չափորոշիչները կմեղմեն: Սա է գործազրկության համակարգային լուծման տարբերակ, այլապես նոր աշխատատեղեր ստեծելով՝ մենք պարզապես կապիտալ աշխատուժի ներքին տեղաշարժ ենք ապահովում: Գլոբալ իմաստով, գործազրկության հարց չենք լուծում», - ասաց փորձագետը:
Հեղափոխական բյուջեն, նրա խոսքով, համակարգային լուծումներ առաջարկող բյուջեն է:
«Մի բան ակնհայտ է. եկող տարվա բյուջեն իսկապես սոցիալական ուղղվածություն ունի, և քաղաքացին, անշուշտ, դա դրական իմաստով կզգա: Բայց այս պահին հեղափոխական բյուջե չունենք, քանի որ համակարգային, կուզեք անվանեք, հեղափոխական լուծումներ ներկայացված չեն», - ամփոփեց խոսքը Լիլիա Ամիրխանյանը: