19/11/2019 11:36
Ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն. Գևորգ Պետրոսյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է լրացում կատարել «Աշխատանքային օրենսգրքում»՝ ամրագրելով աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ պահանջել գրավոր բացատրություն:
Ըստ պատգամավորի՝ թեև օրենքի նախագծով կա բացատրություն ներկայացնելու պարտադիր պահանջ, մինչդեռ չի պահանջվում այն պարտադիր գրավոր տեսքով ներկայացնել, հետևաբար գործատունները մեծամասամբ այն պահանջում են ներկայացնել բանավոր կամ էլ ընդհանրապես չեն պահանջում, ու աշխատակցի բողոքի դեպքում հնարավոր չի լինում ստուգել՝ արդյոք նրանից բանավոր բացատրություն պահանջել են, թե ոչ:
«Այս հանագամանքը շատ գործատուներ հիմք ընդունելով՝ չարաշահում են այդ հնարավորությունը, գրավոր պահանջ չեն ներկայացնում և ընդհանրապես ազատում են աշխատողին առանց բացատրության», - ասաց Պետրոսյանը:
Վերջինս ընդգծեց, որ գրավոր բացատրություն պահանջելու դեպքում հնարավոր կլինի դատարանում առաջացած վեճերը ավելի պարզ լուծել, քանի որ այս կարգավորման դեպքում գործատուն չի կարող պնդել, թե բանավոր բացատրություն է պահանջել:
Հիմնական զեկույցից հետո Գևորգ Պետրոսյանին մի շարք հարցեր ուղղվեցին, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ ասաց.
«Պարոն Պետրոսյանը հազիվ նորմալ նախագիծ ա բերել, այնքան հարցեր տվեցիք, որ…»:
Պետրոսյանն էլ արձագանքեց.
«Զեյնալյան քո ասա՞ծն ասա՞ծ էր, այսինքն՝ սաղ մյուսները աննորմա՞լ էին: Խնդիրը հետևյալ կանոնով է ընթանում՝ ցանկացած օրենսդրական կարգավորում անել գործատուի և աշխատողի օրինական շահերի զուգակցման սկզբունքով և այս կարգավորումը նույնպես: Այստեղ նաև գործատուի շահերն են սպասարկվում, հետո ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն, կարան և՛ վիճելի լինեն, և՛ անընդունելի»: