20/11/2019 12:56
ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան
ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունը ինձ համար առավել քան տարօրինակ է, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Առավել քան վստահ եմ, որ հարկադրաբար որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել։ Բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան բացառապես իրավական հարթության մեջ։ Միաժամանակ, ինձ համար անհասկանալի է Արդարադատության նախարարի այն դիտարկումը, որ սա նպատակ ունի պարզելու դատավորների բարեվարքության հետ կապված հարցը», - ասաց պատգամավորը։
Անդրադառնալով քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրինագծին՝ նա շեշտեց, որ օրենքը ծայրից ծայր խոցելի է։
«Մենք լուրջ մտահոգություններ ունենք, այդ իսկ պատճառով դեմ ենք քվեարկել», - պարզաբանեց Իվետա Տոնոյանը։